‘
Պատմաբան, ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի խոսքով, այն հանգամանքը, որով Արամ Սիմոնյանը հիմնավորել է ԵՊՀ-ում դասախոսելու պայմանագիրը չերկարաձգելու որոշումը, առկա էր նաեւ անցյալ կիսամյակ:
iLur.am-ի հետ զրույցում դասախոսը նշեց, որ անցյալ կիսամյակ դասախոսել է ԵՊՀ Արվեստի պատմության ամբիոնում: «2013 թվականի հունվարի 18-ին քննություն եմ վերցրել, որից հետո պայմանագրի ժամկետը լրացել է, եւ առաջարկվել է նոր պայմանագիր կնքել նույն ամբիոնի կողմից: Դեկանի ստորագրությամբ նոր պայմանագիրը ներկայացվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, սակայն ռեկտորատը մերժել է՝ բանավոր հիմնավորելով, թե Արարատ Միրզոյանը առկա (ստացիոնար) համակարգի դասախոս չէ, այդ պատճառով նրան հնարավոր չէ հրամանագրել հեռակայում դասախոսելու համար», — մանրամասնեց Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ անցյալ կիսամյակ թեև կարող էր նույն հիմնավորմամբ չհրամանագրվել, սակայն նման բան տեղի չի ունեցել:
Նախօրեին ֆեյսբուքյան գրառման մեջ Արարատ Միրզոյանը չհրամանագրելը բացատրել էր նրանով, որ փետրվարի 28-ին ինքը և ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը հրապարակավ հանդես են եկել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականի պահանջով:
Պարոն Միրզոյանն ընդգծեց, որ անձամբ չի մասնակցել դասադուլին, մասնակցության կոչեր չի արել. իր դժգոհությունն ուղղված է եղել ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի պահվածքի դեմ, քանի որ, ըստ Միրզոյանի, «այդ մարդու պահվածքը պատիվ չի բերում ԵՊՀ-ին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած դասադուլի ակցիայի իր պահվածքով եւ «զորք շարելով» աչքի էր ընկել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը, որից հետո ուսանողները պահանջել էին նրա հրաժարականը:
‘