ԿԺԴՀ-ն հաջողությամբ անցկացրել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումները՝ ի պատասխան տարածաշրջանում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների։
Այդ մասին ուրբաթ հաղորդել է «Կորեայի ձայն» պետական ռադիոկայանը։
«Կորեական թերակղզում ամենաանկայուն իրավիճակն է ստեղծվում ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի և հարավկորեական խամաճիկների սադրիչ և ագրեսիվ լայնածավալ զորավարժությունների պատճառով։ Այդ լրջագույն իրավիճակում մարտի 16-ին Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովը որոշում է կայացրել «Հվասոն-17» սերիայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 16-ին հրթիռի արձակումը թվով ութերորդն է այս տարեսկզբից։ Այն իրականացվել է Հարավային Կորեայի նախագահի՝ 12 տարի ընդմիջումով Ճապոնիա կատարած այցից առաջ, որի ընթացքում նախագահ Յուն Սոկ Յոլի և վարչապետ Ֆումիո Կիսիդայի բանակցությունների թեմաներից մեկը եղել է Փհենյանի հրթիռամիջուկային ծրագիրը։
Փոխանցում է tass.ru-ն։