‘Բրյուսելը կրկին զգուշացնում է Երեւանին՝ կամ Մաքսային միություն կամ ԵՄ’

1346

Պաշտոնական Բրյուսելը կրկին զգուշացնում է Հայաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում փաստել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: 

«Եվրամիությունը չի կարող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, եւ դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջեւ ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլեւ` Արեւելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք եւս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», — ասել է Եվրախորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Ազատությունը» հիշեցնում է, որ այս համաձայնագրի ստորագրման դեպքում Բրյուսելը խոստանում է հայաստանցի  գործարարների ու Հայաստանում արտադրված ապրանքների առջեւ բացել իր հսկայական՝ շուրջ կես միլիարդ սպառողներ ունեցող շուկան: Սա, ըստ փորձագետների, էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության ու ներդրումների աճի վրա, սակայն դրան հասնելու համար Հայաստանի իշխանությունները դեռեւս պետք է կատարեն Բրյուսելի պահանջները՝ բարեփոխեն սեփական օրենսդրությունը, ազատեն շուկան մենաշնորհներից, հավասար պայմաններ ապահովեն բոլոր գործարարների համար եւ երաշխավորեն ապրանքների որակը: Ընդ որում, տնտեսագետները փաստում են, որ այս պահանջները  բխում են ոչ միայն այս տարածաշրջանում վստահելի գործընկեր փնտրող Եվրամիության, այլեւ գործազրկության ու աղքատության բարձր մակարդակ ունեցող Հայաստանի շահերից:

«Մյուս կողմից, արդեն երկրորդ տարին է՝ Կրեմլ վերադարձած Վլադիմիր Պուտինը փորձում է առաջ տանել այս համաձայնագրի «հակակշիռը»՝ ԱՊՀ-ի տարածքում ստեղծված Մաքսային միությունը։ Այս դաշինքին միանալու համար պայմաններ չեն առաջադրվում, բարեփոխումներ չեն պահանջվում, մյուս կողմից, սակայն, ըստ վերլուծաբանների, առայժմ անորոշ են նաեւ հնարավոր օգուտներն ու առավելությունները», — նշում է ռադիոկայանը։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը, այդուամենայնիվ, որոշի անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը», — հետաքրքրվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարից։ Ի պատասխան, վերջինս նշել է. — «Այդ դեպքում Եվրամիության հարաբերությունները այդ երկրների հետ կլինեն այնպիսին, ինչպիսին որ Ռուսաստանի հետ են»:

Նախորդ հոդվածը‘Ով ինչպես կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Սամբոյի կանանց եւ աղջիկների Հայաստանի առաջնության չեմպիոնները’