Ֆրանսիայում մայիսմեկյան բողոքի ցույցերում ոստիկանության առնվազն 108 աշխատակից վնասվածք է ստացել, ոստիկանությունը ձերբակալել է 291 ցուցարարի, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարը։
Ցուցարարների գլխավոր պահանջն է՝ չնայած արհմիությունների առարկություններին՝ նախագահ Էմանյուել Մակրոնի նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների չեղարկում։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ մայիսի 1-ի ցույցերին մասնակցել է մոտավորապես 780 հազար մարդ, ընդ որում՝ 110 հազարը՝ Փարիզում։ Սակայն ֆրանսիական խոշորագույն «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» արհմիության տվյալներով՝ փողոց է դուրս եկել երեք անգամ ավելի մարդ, քան հաղորդում են իշխանությունները։
Ցույցերը հիմնականում խաղաղ են ընթացել, սակայն մի խումբ ցուցարարներ սկսել են ոստիկանների վրա հրկիզվող շշեր ու ճայթռուկներ նետել։ Ոստիկանությունը պատասխանել է ջրցաններով և արցունքաբեր գազով։ Չի հաղորդվում, թե քանի ցուցարար է վնասվել։ Բախումներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում, Տուլուզում և Նանտում, այնտեղ ցուցարարները ավտոմեքենաներ են հրկիզել և խանութներ են ավերել։ Հաղորդվում է, որ ցուցարարները կարճ ժամանակով Մարսելում բարձրակարգ մի հյուրանոց են գրավել։
Ֆրանսիայի նախագահը մտադիր է կենսաթոշակային տարիքը բարձրացնել երկու տարով, դրան դեմ են հանդես գալիս ֆրանսիական արհմիությունները, որոնք պարբերաբար զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպում մարտ ամսից ի վեր։ Ցույցերը ժամանակ առ ժամանակ ուղեկցվում են ոստիկանության հետ կատաղի բախումներով։
Փոխանցում է BBC-ն։