Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Յոթի խմբի գագաթնաժողովի ընդլայնված նիստում չի փոխել Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի շուրջ։
Այդ մասին Բրազիլիայի նախագահը հայտարարել է երկուշաբթի՝ Հիրոսիմայում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում։
«Ես ուշադիր լսեցի Զելենսկու ելույթը, նա էլ, անկասկած, ուշադիր լսել է իմ ելույթը նիստում։ Եվ իմ դիրքորոշումը նույնն է մնացել»,- ասել է նա՝ նշելով, որ ճիշտ չի համարում իրավիճակն Ուկրաինայում քննարկել «յոթնյակի» ձևաչափով։
Լուլա դա Սիլվայի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակներում ինքը տասը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես G7 մասնակից երկրների, այնպես էլ հրավիրյալ պետությունների ու կազմակերպությունների ղեկավարների հետ։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի հետ չկայացած հանդիպմանը, ապա Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել այդ հանդիպմանը, սակայն «Զելենսկին չի եկել» պայմանավորված ժամին։ «Գուցե ավելի կարևոր հանդիպում ուներ, չգիտեմ։ Փաստը մնում է փաստ՝ ժամը 15։15-ին (մայիսի 21-ին) մեր հանդիպումն էր նշանակված այս սրահում»,- ասել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։