ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը, որի վարչակազմում է ինքը զբաղեցրել իր այդ պաշտոնը, 2024 թ․ ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու չի ընտրվի։
Քաղաքական գործիչը, որն ավելի վաղ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, նման գնահատական է տվել՝ պատասխանելով CNN հեռուստաալիքի «Թաունհոլ» ծրագրի մասնակիցների հարցերին։
«Չեմ կարծում, թե Դոնալդ Թրամփը թեկնածու կդառնա»,- հայտարարել է Փենսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն արդյո՞ք կպաշտպանի նախկին նախագահի թեկնածությունը, եթե նա հաղթի Հանրապետական կուսակցության փրայմերիզում։ «Ես վստահում եմ ընտրողներին»,- ընդգծել է նախկին փոխնախագահը։
Ըստ Փենսի՝ Հանրապետական կուսակցությունից առաջադրվելուն կհավակնեն «մի ամբողջ շարք ուժեղ և փորձառու քաղաքական գործիչներ»։
«Չեմ կարծում, թե իմ նախկին գործընկերը կդառնա հանրապետականների թեկնածուն,- ընդգծել է Փենսը և հավելել․- Հուսով եմ՝ ես կլինեմ»։
Փոխանցում է tass.ru-ն։