‘«Տանգո»-ն ուզել է «հենց այդ շենքը»’

1239

Եթե կառավարությունը որոշել է, արդեն նշված է՝ ինչ նպատակով: Այսպես արձագանքեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, երբ iLur.am-ը փորձեց նրանից ճշտել, թե ի՞նչ նպատակով է «Տանգո» ընկերությունը գնում Արտաքին գործերի նախարարության շենքը: Նշենք, որ «Տանգո» ընկերությունը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին է պատկանում:

«Այնտեղ լինելու է նաև հայկական մշակույթի միջազգային կենտրոն: Շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու», — նշեց նա:

Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց ԱԳՆ-ի շենքը, չէ՞ որ դա երկրի արտաքին գերատեսչության շենքն է ու պետական արժեք է համարվում, Աբրահամյանն այսպես պատասխանեց՝ «որովհետև հենց այդ շենքի մասին է խոսքը գնացել»:

Աբրահամյանը տեղեկացրեց, որ այդ շենքին ոչ ոք չի վնասում, առաջիկա երեք տարիներին այն ծառայելու է որպես ԱԳՆ շենք, որից հետո հանձնվելու է «Տանգո» ընկերությանը: Մեր հարցին, թե 51.271.006 ԱՄՆ դոլարի ո՞ր մասն է արդեն իսկ վճարվել, Գևորգ Աբրահամյանն ասաց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում է ընդունվել Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը վաճառել «Տանգո» ՓԲԸ-ին:

Լուսանկարում՝ Է.Էռնեկյան

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան շարունակում է Սիրիայի ռմբակոծումը’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանում ձերբակալված ընդդիմադիր գործիչի հայրենակիցները բողոքի ցույց են անցկացնում’