‘Կարինե Աճեմյանը Մերաբիշվիլիին քաղբանտարկյալ է ճանաչել, որովհետեւ ՀՀԿ-ական է’

1255

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ չորեքշաբթի Բրյուսելում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը առաջարկ էր ներկայացրել՝քաղաքական հանձնաժողովի զեկույցում ներառելու մի պարբերություն, ըստ որի՝ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Հայաստանի պատվիրակության անդամներից ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ Ժառանգությունը ներկայացնող պատգամավորները կողմ են քվեարկել այս նախագծին, մինչդեռ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող պատվիրակները դեմ են քվեարկել: Նշենք, որ Վրաստանի գործող իշխանությունները պնդում են, որ Մերաբիշվիլիի նկատմամբ հետապնդումը զուտ իրավական բնույթ է կրում. Նա մեղադրվում է ապօրինի ֆինանսական գործարքների մեջ:

iLur.am-ի հետ զրույցում Եվրանեսթի հայաստանյան պատվիրակ, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) նշեց, որ կողմ է քվեարկել բանաձեւին, քանի որ կար քաղաքական որոշում՝ աջակցելու ԵԺԿ առաջարկած նախաձեռնությանը (ՀՀԿ-ն ՕԵԿ-ը եւ Ժառանգությունը ԵԺԿ անդամներ են-խմբ.):

«Ես կողմ եմ քվեարկել, որովհետեւ ՀՀԿ անդամ եմ, եւ համագործակցում ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ բոլոր ձեւաչափերում: Որովհետեւ ադրբեջանական կողմը 8-ից ավել առաջարկություններ էր ներկայացրել, որը նաեւ ԵԺԿ-ի աջակցությամբ մերժվել են: Մենք էլ մեր կողմից աջակցել ենք ԵԺԿ նախաձեռնությանը», — ասաց Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ առաջարկված պարբերությունը վերաբերում էր ոչ միայն Մերաբիշվիլիին, այլեւ Ուկրաինայի նախկին վարչապետ երկու տարուց ավելի ազատազրկության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյին:

Տիկին Աճեմյանին հիշեցրեցինք, որ նմանատիպ դեպքերում, երբ պետք է գնահատական տալ Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին, ՀՀԿ ներկայացուցիչները սովորաբար նշում են, թե «գործընթացը գտնվում է իրավական դաշտում» եւ հրաժարվում են քաղաքական գնահատական տալ, (նշեցինք, մասնավորապես, Տիգրան Առաքելյանի դեպքը), ինչպե՞ս է լինում, որ դրսի գործիչների արարքներին քաղաքական գնահատական եք տալիս:

ՀՀԿ-ական պատգամավորն, ի պատասխան, նախ նշեց, որ «պետք չէ այլ երկրների նախկին վարչապետերին համեմատել այլ կարգի գործիչներչի հետ», ապա կրկնեց, որ Եվրանեսթում կատարված քվեարկությունը քաղաքական որոշման արդյունք է:

«Տիգրան Առաքելյանի դեպքում իրավական գործընթաց է գնացել եւ իրավապահ մարմինները կոնկրետ ֆիքսել են, որ ինքը հանցագործություն է կատարել», — ասաց տիկին Աճեմյանը:

«Սակայն նույն կերպ էլ Վրաստանի գործող իշխանություններն են պնդում, որ Մերաբիշվիլիի գործը իրավական բնույթ է կրում», հարցին էլ՝ տիկին Աճեմյանը պատասխանեց.

«Սա իմ կուսակցության որոշումն է՝ այո, ավելի շատ քաղաքական գնահատական: Եվրանեսթը բավական բազմաշերտ նուրբ կառույց է եւ այնտեղ շատ կարեւոր է արդյունավետ կերպով օգտագործել դիվանագիտությունը, այսինքն՝ էնպես անես, որ քո երկրի շահը առաջին պլանում», — ամփոփեց պատգամավորը:

Նշենք, որ Վանո Մերաբիշվիլին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի անդամ է, իսկ նրանց գլխավորած «Ազգային շարժում» կուսակցությունը, որը 2012-ի հոկտեմբերից փոքրամասնության մեջ է, ԵԺԿ անդամ է:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի ներկայացումը «Կամպ Նոու» մարզադաշտում. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական ռազմական ինքնաթիռի ձայնից թութակը սատկել է’