‘Կոռուպցիոն սկանդալներ, որոնք հանգեցրել են պետությունների առաջին դեմքերի պաշտոնանկությանը’

1937

Վերջին տասնամյակում աշխարհի մի շարք երկրներում առաջին դեմքերի մասնակցությամբ  կոռուպիոն սկանդալներ են տեղի ունեցել: Նկատենք, որ դեպքերի մեծամասնության պարագայում սկանդալը հասունացել է զանգվածային լրատվամիջոցների գործուն մասնակցությամբ, եւ  կոռուպցիոն գործունեության մեջ մեղադրվող կամ կասկածվող պաշտոնյաները նախօրոք հրաժարվել են զբաղեցրած պաշտոններից, հետո միայն՝ կանգնել դատարանի առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեման Հայաստանում այսօր արդիական է, ներկայացնում ենք համաշխարհային մամուլում տեղ գտած մի քանի դեպք*: 

2012-ի փետրվարի 17-ին Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական տվեց՝ քաղաքացիների վստահության կորստի կապակցությամբ: Լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին այն մասին, որ Վուլֆը օգտագործել է իր պաշտոնեական կարգավիճակը եւ լիազորությունները՝ արտոնյալ պայմաններով շուրջ 500 հազար եվրոյի վարկ  վերցնելու նպատակով: Բացի դրանից, նա մի քանի անգամ ուրիշի հաշվին կանգ էր առել թանկարժեք հյուրանոցներում: Եվ ի լրումն այս ամենի՝ նախագահը համարձակություն էր ունեցել ճնշում գործադրել մամուլի վրա՝ ստիպելով չանդրադառնալ այս դեպքերին: Վուլֆը հրաժարական տվեց մինչեւ գործի իրավական հանգուցալուծումը:  

2008թ. մայիսին Իռլանդիայի վարչապետ Բերթի Ահերնը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 11 տարի, հրաժարական տվեց: 2007-ի սեպտեմբերից ընդդիմությունը Ահերնի հրաժարականն էր պահանջում՝  մեղադրելով նրան կաշառակերության մեջ: Ավելի վաղ վարչապետը ցուցմունք էր տվել՝ ընկերներից եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներից ապօրինաբար 150 հազար դոլար վերցնելու գործի շրջանակներում:

2011-ի սեպտեմբերի 5-ին Իսլանդիայի առաջատար քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին վարչապետ Հեյր Խորդեն, հատուկ դատարանի առաջ կանգնեց՝ 2008-ին երկիրը ֆինանսական կոլապսի հասցրած անփույթ վարքագծի համար: Ըստ հատուկ հանձնաժողովի տվյալների՝ Խորդեն դեռեւս 2008-ի գարնանը տեղեկություն ուներ վերահաս ֆինանսական ճգնաժամի մասին, սակայն դա գաղտնի է պահել համապատասխան գերատեսչություններից: 

Ներկայումս դատական գործընթաց է գնում Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի նկատմամբ: 2009-ի օգոստոսի 30-ին Իսրայելի դատական իշխանությունները Օլմերտին պաշտոնապես մեղադրեցին կոռուպցիայի մեջ: Նախկին վարչապետը մեղադրվում է ամերիկյան բիզնեսմեն Մորիս Տալանսկիից խոշոր գումար ստանալու, բյուջետային միջոցների հաշվին մասնավոր տուրիստական ճամփորդություններ կատարելու եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իր գործընկեր Ուրի Մեսսերի շահերն առաջ մղելու մեջ: 

Կոռուպցիոն սկանդալների պատճառով Օլմերտը հրաժարական ներկայացրեց մինչ նախաքննության մեկնարկը՝ 2008-ի սեպտեմբերին, բայց մինչեւ 2009-ի մարտ շարունակում էր կատարել վարչապետի պարտականությունները:  

Վերջին մի քանի տարիների ընթացքում Իտալիայի նախկին վարչապետ Սլիվիո Բեռլուսկոնիի նկատմամբ մի շարք դատական գործեր են հարուցվել կոռուպցիայի, քաղաքական կուսակցություններին գաղտնի ֆինանսավորելու, ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով: Դրանց մեծամասնության դեպքում Բերլուսկոնին կամ արդարացվել է բողոքարկման արդյունքում, կամ մեղադրանքը հանվել է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ:

2012-ի հունվարին Պերուի փոխնախագահ Օմար Չեադեն հրաժարվել է իր պաշտոնից կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո: Նախաքննության վարկածով՝ Չեադեն ոստիկանության գեներալի միջոցով իր եղբոր համար շաքարի պլանտացիա է «դասավորել»:  Թեպետ փոխնախագահը մեղադրանքը չէր ընդունում, բայց խորհրդարանի ճնշման տակ հրաժարական տվեց:

2011-ի նոյեմբերին խաղաղօվկիանոսյան Նաուրուի նախագահ Մարկուս Սթիվենը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին գուանոյի (արժեքավոր պարարտանյութ, որը երկրի եկամտի հիմնական աղբյուրն է) առեւտրով զբաղվելու համար: Ընդդիմության տվյալմներով, նա թաիլանդցի գնորդից կաշառք է շորփել՝ 25 հազար խորանարդ մետր պարարտանյութ վաճառելու համար:  

2013-ի մայիսի 29-ին «Հետք» համացայնցային պարբերականը փաստեր հրապարակեց այն մասին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսանում է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի եւ  վերջինիս սանիկ, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի հետ միասին: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Մասնավորապես, ըստ մամուլի՝ նախկինում արված հրապարակումների, Հայրապետյանը, հավատալով Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության՝ ադամանդագործության զարգացման ծրագրին, 2009-ին գրավադրել է իր ունեցվածքը՝ 33 միլիոն դոլար, «Ամերիաբանկից» վարկ վերցրել, որպեսզի վարչապետի կոմպանիոն Աշոտ Սուքիասյանը Հայաստանի շուրջ 20 ադամանդագործների Աֆրիկայից ադամանդի հումք մատակարարի:

Տիգրան Սարգսյանը «Հետքի» հրապարակման առիթով դիմել է դատախազություն: Նա դեռեւս շարունակում է պաշտոնավարել: 

  

* Ըստ РИА-Новости-ի ներկայացված օրինակները վերաբերում են ժողովրդավարական երկրներին: Վերջին տասնամյակում աշխարհի մի շարք այլ երկրներում եւս տեղի են ունեցել աղմկոտ դատավարություններ առաջին դեմքերի մասնակցությամբ՝ Պակիստան, Եգիպտոս, Թունիս, Ուկրաինա եւ այլն: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք որոշ դեպքերում կարող էին քաղաքական դրդապատճառներ ունենալ, մենք հարկ ենք համարում ներկայացնել միայն ժողովրդավարական երկրների օրինակները: 

 

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգան դարձել է ամենաշահութաբեր եվրոպական առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Սեյրան Օհանյանի՝ անպատժելիության մթնոլորտը հասել է մինիմումի’