‘
Ռուսաստանը խստորեն պահպանում է տարածքային ամբողջականությունը Չեչնիայում և Կուրիլներում, սակայն 2010 թ. հետո արդեն երկրորդ անգամ Դաղստանի առանձին մասեր տալիս է Ադրբեջանին՝ հարևանի հանդեպ բարեկամական նվիրվածությամբ և իր սեփական քաղաքացիներից գաղտնի, որոնք դարձյալ ձեռնունայն են մնում: Դրա վերաբերյալ դեռ պայմանագիր չի կնքվել, սակայն դա նախատեսված է, «Кавказский узел»-ին հաղորդել է Լեզգինների դաշնային ազգային-մշակութային ինքնավարության գործկոմի նախագահ Ամիլ Սարկարովը: Զուգահեռաբար՝ Դաղստանի հարավի բնակիչները ՌԴ մի շարք քաղաքներում հունիսի 29-ին պատրաստվում են ցույցեր կազմակերպել ընդդեմ լեզգինական տարածքների «ադրբեջանականացման»: Մոսկվայի իշխանությունները, ի դեպ, թույլատրել են այդ ակցիան:
Դեռևս մայիսի սկզբին Մոսկվայում պետական սահմանի դեմարկացիայի հարցով ռուսաստանա-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի նիստում որոշվել է Դաղստանի տարածքում գտնվող երկու խոշոր արոտավայրեր անհատույց տրամադրել Ադրբեջանին: Նիստը տեղի է ունեցել հասարակության ուշադրությունից հեռու, սուսուփուս, և ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել: Սարկարովի տվյալներով՝ դա նախատեսվում է անել հանձնաժողովի հաջորդ նիստի ժամանակ, որը կկայանա Ադրբեջանում՝ «հարմար պահին»: Այն հողատարածքները, որոնց մասին խոսվում է, օգտագործում են, առաջին հերթին, Դոկուզպարինսկի շրջանի հովիվները՝ անասունն արոտավայրեր տանելիս, իսկ պայմանագիրը կնքելու դեպքում դեպի արոտավայրեր տանող ճանապարհը փակվում է, փոխանցում է echo.msk.ru-ն:
‘