‘Թուրքիայի փոխվարչապետը հրաժարվել է հրեաների հասցեին հնչեցրած մեղադրանքներից ‘

785

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հերքել է իրեն վերագրված խոսքերն այն մասին, թե երկրում զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպմանը մասնակից է հրեական համայնքը: Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը հղում անելով պաշտոնյայի մամլո խոսնակին:

Փոխվարչապետի մամլո ծառայությունը պարզաբանել է, որ Աթալայը մտադիր չի եղել վիրավորել հրեական համայնքին Թուրքիայում  կամ էլ առհասարակ աշխարհում: Ըստ փոխվարչապետի օգնականների՝ նրա խոսքերն ուղղակի սխալ են մեջբերվել ՝ համատեքստից կտրված, ինչը դրանց այլ իմաստ է հաղորդել, գրում է Today’s Zaman-ը:

Երեքշաբթի օրը թուրքական ԶԼՄ-ները տարածել էին Աթալայի հայտարարությունները, որոնք տեսագրված էին: Դրանցում փոխվարչապետը մեղադրում է արտասահմանյան ուժերին և հրեական համայնքին՝ լայնածավալ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: Նա բացատրել է, թե կան մարդիկ, ովքեր նախանձում են Թուրքիայի հաջողություններին, և դրանց թվում է, մասնավորապես, հրեական համայնքը: Թուրքիայի հրեական համայնքն անմիջապես հայտարարեց, որ ուսումնասիրում է Աթալայի հայտարարությունը՝ պարզելու, թե հատկապես ինչ նկատի ուներ նա:

Թուրքիայի իշխանությունները նախկինում էլ էին հայտարարել, թե ցույցերի կազմակերպիչը օտար ուժերն են, ինչպես նաև՝ «ֆինանսիստների համաշխարհային լոբբին»: Նման հայտարարություններով, մասնավորապես, հանդես է եկել վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Վերջինս նաև պնդում էր, թե ցույցերի կազմակերպմանը մասնակից է նաև ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև՝ իր քաղաքական ընդդիմախոսները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էկվադորի լոնդոնյան դեսպանատանը գաղտնալսող սարք են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Աղվերանի ձորն ավտոմեքենա է ընկել’