‘
Կահիրեի և Ալեքսանդրիայի հրապարակներում հավաքված բազմահազար ցուցարարները ցնծությամբ են ընդունել այն լուրը, որ տեղի է ունեցել Ադլի Մանսուրի՝ որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի երդմնակալության արարողությունը: «Եգիպտացի ժողովուրդը դեմոկրատական արժեքները և հեղափոխական նվաճումները խաղաղ և քաղաքակիրթ ձևով պաշտպանելու օրինակ ցույց տվեց ողջ աշխարհին»,- ասված է առաջատար ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատ» կազմակերպության հայտարարության մեջ:
«Ազգային փրկության ճակատը» նաև ընդգծում է, որ Եգիպտոսի ապագա քաղաքական զարգացման ծրագիրը «չպետք է բացառի որևէ կուսակցության կամ շարժման, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներին»»: (Ի դեպ, Եգիպտոսի դատախազությունն այսօր «Մուսուլման եղբայրների» ղեկավարների ձերբակալման թույլտվություն է տվել): Նույն միտքն է հնչել նաև ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի ելույթում. ««Մուսուլման եղբայրները» եգիպտական հասարակության մի մասն են, և նրանք հրավիրվել են մասնակցելու ազգի ապագայի շինարարությանը»,- ասել է Մանսուրը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘