‘
2013թ. հուլիսի 4–ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան։ Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը կրկին ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:
Արեգ Գևորգյանի խոսքով՝ օրենքով սահմանված կարգով ՝ 15 օրվա ընթացքում (անհրաժեշտության դեպքում՝ ևս 10 օր երկարաձգելու հնարավորությամբ) դատարանը պետք է հրապարակի դատական նիստի օրը, այսինքն՝ արդեն այս ամսվա վերջին հայտնի կդառնա նիստի օրը:
Հիշեցնենք, որ 2011 թվականից քաղաքական հայացքների համար դատապարտված չորս երիտասարդներից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ:
‘