‘Ոստիկանությունը անկարող եղավ բացահայտել հանցագործությունը. 20 տարի առաջ գողացած անվադողը չէր’

1013

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել էին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի դուռը եւ ապակին, փորձել էին կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել էին մի քանի սարք եւ գողացել էին թվային հիշողության մի քանի հասարակ սարք, ոչ այնքան կարեւոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Պատճառել էին ավելի քան 500.000 դրամի նյութական վնաս, ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել:

Երկու ամիս տեւած քննության ընթացքում ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժինը, անցկացնելով դատաապրանքագիտական, մատնադրոշմային եւ դատահետքաբանական փորձաքննություններ, կատարելով հեռախոսահամարների վերծանումներ, ի վերջո որոշել է կասեցնել քրեական գործով վարույթը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հ-31, 1-1 կետ): Հունիսի 4-ին կայացված որոշումը տուժողին է հասցվել հունիսի 28-ին: Լ.Բարսեղյանը, համարելով, որ ոստիկանությունը ամբողջությամբ ներդրել է իր սահմանափակ կարողությունները հանցագործության բացահայտման համար, քննության վարույթը կասեցնելու մասին որոշումը չի բողոքարկել դատախազին: 

Ըստ տուժողի, Հայաստանում ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ իրականացված հանցագործությունները ոստիկանությունը, որպես կանոն, չի բացահայտում, իսկ մի քանի բացառությունները հաստատում են այս օրինաչափությունը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի եւ աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008 թվի մարտի 21-ի գիշերը հրկիզվեց Լ.Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` 2008 թվի հունվարի 18-ի գիշերը փորձեցին  հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացան այրել միայն պատուհանը: Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:

Աղբյուրը՝ www.asparez.am 

Խմբագրության կողմից. Եւ սա այն դեպքում, երբ անցած տարվա նոյեմբերին Ոստիկանությունը գլուխ էր գովում, որ բացահայտել է դեռեւս 1990 թվականին Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերի, լուսարձակների, դիմապակու և դիմապակին մաքրող սարքերի գողությունը: 20 տարի հետո: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ՀՆԱ–ի չափով զբաղեցրել է 132–րդ տեղը աշխարհի 190 երկրների շրջանում. ՀԲ վարկանիշ’
Հաջորդ հոդվածը‘Որո՞նք են Գվարդիոլայի և Ռոսելի բախման իրական պատճառները’