‘
Հայ ազգային կոնգրեսը այսօրվանից սկսել է իր շուրջ 40 տեղական կառույցների ղեկավար մարմինների ընտրությունները՝ խորհուրդների, խորհուրդների նախագահների եւ վերստուգիչ հանձնաժողովների տեսքով: Գործընթացը մեկնարկել է այսօրվանից՝ Գյումրիից եւ Ախուրյանից: Այնտեղ այսօր կայացել են ընդհանուր ժողովներ: Ինչպես ilur.am-ի հետ զրույցում Գյումրիից փոխանցեց Մուրադ Գրիգորյանը, Գյումրիում կայացած ժողովում ընտրվել է 13 հոգանոց խորհուրդ, որից 9-ը երիտասարդներ: Խորհրդի նախագահ է ընտրվել ինքը՝ Մուրադ Գրիգորյանը: Ընդհանուր ժողովում քննարկվել են նաեւ քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:
Ախուրյանում կայացած ընդհանուր ժողովում տեղական կառույցը ընտրել է 7 հոգանոց խորհուրդ, իսկ խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Վահրադյանը: Տեղական կառույցների ընդհանուր ժողովները կշարունակվեն առաջիկայում:
Նշենք, որ Երեւանից ընդհանուր ժողովին մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Ավետիս Ավագյանն ու Աշոտ Սարգսյանը:
‘