‘Դուբայի բնակիչներն ավելորդ քաշից կորցրած յուրաքանչյուր կգ-ի դիմաց կստանան ոսկի’

1283

«Նիհարի՛ր՝ հանուն առողջության և հարստացի՛ր» — այս կարգախոսով է Դուբայի քաղաքապետարանն իրականացնում ավելորդ քաշի դեմ պայքարի նախաձեռնությունը, որը համընկել է մուսուլմանների սրբազան տոնին՝ ռամազանին: Հատուկ ծրագիրը, որն ստացել է «Ավելորդ քաշի փոխարեն՝ մի քաշ ոսկի» անվանումը, Դուբայում մեկնարկել է անցյալ շաբաթ: Քաղաքային իշխանությունները խոստացել են մեկ գրամ ոսկի վճարել Դուբայի յուրաքանչյուր քաղաքացու, ով մեկ ամսվա ընթացքում թեկուզ 2 կգ-ով կնիհարի: Ծրագրին մասնակցելու համար հարկավոր էր ունենալ ավելորդ քաշ և գրանցվել: Վերջնական արդյունքները կամփոփվեն օգոստոսի 16-ին: 30 օրվա ընթացքում ամենաշատ կիլոգրամներ կորցրած երեք հաղթողների միջև կբաժանվեն 100 հազար դրահմա (ավելի քան 27 հազար դոլար) արժողության ոսկեդրամները: Հնարավորինս շատ մարդ ներգրավելու նպատակով (իսկ մինչ օրս արդեն գրանցվել է 5 հազար հոգի) քաղաքապետարանը կրկնապատկել է նախապես հայտարարված «սակագները»: Նոր պայմանների համաձայն՝ նրանք, ովքեր մեկ ամսվա ընթացքում կազատվեն 5 կգ ավելորդ քաշից, կստանան 10 գրամ ոսկի: Այդ նույն ժամանակաընթացքում 10 և ավելի կգ նիհարելու դեպքում կազմակերևպիչները խոստանում են  3 գ ոսկի՝ յուրաքանչյուր «կորցրած» կգ-ի դիմաց: Ծրագրի պարտադիր պայման է քաշը բնական ճանապարհով՝ ճիշտ սննդակարգով և մարզումների միջոցով պակասեցնելը, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով դատախազի բացարկի միջնորդությունը մերժվեց ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն հաստատեց թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը’