‘Հայաստանը կմտնի Մաքսային միություն. Պաշտոնական’

2600

Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ որոշմանը եւ պատրաստակամություն է հայտնել նպաստել այդ գործընթացին, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը

«Սերժ Սարգսյանը հայտարարել է իր երկրի որոշման մասին՝ անդամակցել Մաքսսային միությանը եւ այդ նպատակով ձեռնարկել անհրաժեշտ գործնական քայլեր, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին», — ըստ աղբյուրի, ասվում է երկկողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարությունում:

Այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ president.am-ը. հավելելով նաեւ, որ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկել են երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:

Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և փոխգործակցության կատարելագործման հարցում:

Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:

Արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը և երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները նշեցին ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդգծեցին ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաև երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև նոր լոգիստիկ և հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը:

Շեշտադրվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետևողական իրագործման կարևորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ», — ասվում է President.am-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» Ինյեստային նոր պայմանագիր է առաջարկել’