‘Քաղաքական համալսարանի առաջին պտուղները’

2194

Արդեն երրորդ օրն է՝ փորձում եմ հետևել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի արձագանքներին, ինչպես իշխանության և նրան սպասարկող լրատվամիջոցների, այնպես էլ հասարակության կողմից: Այս առումով նույնիսկ հպանցիկ դիտարկումը մեր առջև մի շատ հետաքրքիր պատկեր ու միտում է բացում: Բայց մինչ դրանց վերլուծությանն անդրադառնալը՝ արժե ներկայացնել մի քանի թվային ցուցիչներ, որոնք բավականին խոսուն են:

Տեր-Պետրոսյանի ելույթը երկու օրվա ընթացքում համացանցում դիտել է շուրջ 30 հազար մարդ, սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում ելույթը կամ նրա վերաբերյալ տեղեկատվությունը հավանել է շուրջ 2500 մարդ («լայք»), մի քանի հարյուրի է հասնում սոցցանցային տարածումների քանակը, ինչն, ըստ էության, հնարավորություն է ընձեռել հայկական, ոչ թե հայաստանյան, այլ հե՛նց հայկական ողջ համացանցային միջավայրին ծանոթանալ (վստահաբար՝ այս թվերը գնալով կաճեն) Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթին: Սա նախադեպը չունեցող ցուցանիշ է: Հատկապես սոցիալական ցանցերում մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր նախկինում տարբեր պատճառներով դրականորեն չեն արձագանքել Կոնգրեսի և նրա առաջնորդի գործունեությանը՝ քաղաքականապես անտարբեր թվացող մարդիկ, նույնիսկ նախկինում հակընդդեմ դիրքորոշում արտահայտած մարդիկ: Ավելին, նույնիսկ մինչ այդ պրոիշխանական քարոզչությանը լծված մի շարք լրատվական կայքեր նույնպես դրական արձագանք են տվել Տեր-Պետրոսյանի ելույթին: Վերջինն այնքան էլ անկարևոր չէ, քանի որ, ամենայն հավանականությամբ, խոսում է այն մասին, որ իշխանության ներսում կան խմբավորումներ կամ անհատներ (այդ կայքերի հովանավորները), ովքեր իրենց ապագան չեն տեսնում այս ռեժիմի հետ կամ վերջնականապես ըմբռնել են նրա հակազգային լինելը (հարցն այն չէ՝ այդ խմբավորումները լավն են, թե վատը, այլ այն, որ այս գիտակցության խորացումն, ըստ էության, ներսից քանդում է ավազակապետական ռեժիմը):

Հիմա դառնանք արձագանքների որակին: Իշխանության, ինչպես նաև նրան սպասարկող քարոզչամեքենայի արձագանքները թողնում են հանձնվածի, կապիտուլյացիայի ենթարկվածի տպավորություն: Մի կողմից՝ հասարակությունը բավականին գրագիտացել է, և նրան չես կերակրի լափած մազութի, էլեկտրականության ու Շուշիի գրավումից խաբար չլինելու ցնդաբանություններով: Սա եղել է իշխանական քարոզչության հիմնական ոճը ՝ բա չե՞ք հիշում ցուրտ ու մութ տարիները: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի այս տապալումը, դրա ակնհայտ ու ապացուցված լինելը՝ հենց Սերժ Սարգսյանի ու նրա  թիմի ներկայացուցիչների շուրթերով (Սերժ Սարգսյանի բրեժնևյան ասուլիսը, որտեղ նա պնդում էր, որ նույնիսկ ՄՄ երկրները չեն ուզում, որ մենք մտնենք այդ կառույցի մեջ, և Շավարշ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա շեշտում էր, որ մտնելով ՄՄ՝ Հայաստանը կորցնելու է իր սուվերենությունը)՝ իշխանական քարոզիչներին զրկում է հասարակությանը որևէ բանական փաստարկ ներկայացնելու հնարավորությունից: Ավելին, իշխանությունն ինքն այլևս մեկ միասնական թիմ չէ: Սերժ Սարգսյանն այլևս իր թիմակիցների նկատմամբ վստահ չէ: Հասարակ բիզնեսմենից սկսած՝ պատգամավորով, նախարարով ու նույնիսկ վարչապետով վերջացրած: Նրանք էլ են առել առաջիկայում սպասվող փոփոխությունների հոտը, նրանք էլ են զգում, որ իշխանության ներսում ուժգնացել է քանդման գործընթացը, և չեն ուզում մնալ փլատակների տակ: Դրա համար էլ Սերժ Սարգսյանի ավանտյուրաների համար դոշ տալու «զահլա չունեն»:  Ու ամեն մեկը որոշել է ապահովագրել իր թիկունքը: Մեկը վազելու է Արևմուտք, մեկը՝ Ռուսաստան, մեկը գալու է ընդդիմության դուռը՝ փորձելու փրկել սեփական կաշին: Բոլորը հանկարծ «հիշելու» են, թե ինչ ազգադավն է Սերժ Սարգսյանը: Իսկ քանդման գործընթացն ուժգնացել է մեկ պարզ պատճառով. Սերժ Սարգսյանը ճայրաստիճան փչացրել է իր հարաբերությունները և՛ Ռուսաստանի (այս հարցում հակառակը պնդողները քաղաքականությունից բան չեն հասկանում), և՛ Արևմուտքի հետ, որոնք ավանդաբար եղել են իր լեգիտիմության աղբյուրը: Ներքին լեգիտիմության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է:

Իսկ հասարակությունը փոփոխություն է ուզում: Հասարակությունը, որ զզվել է Սերժի գլխավորությամբ անընդհատ ազգային նվաստացման ճամփան բռնելուց, իր երկրի նախագահի համար գետինը մտնելուց, կոռուպցիայի, անարդարության մեջ ապրելուց: Հասարակությունը մտքի, բանական տեքստի կարոտ է: Սա է պատճառը, որ Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթն իսկական բում առաջացրեց: Մարդիկ այլևս մերժում են քաղաքականության մեջ խոհանոցային զրիցների ոճը, մի բան, որ Սերժ Սարգսյանի այցեքարտն էր: Նրանք ուզում են քաղաքական լեզու, վերլուծական լեզու: Որովհետև մարդն իրեն մարդ է զգում, երբ իր հետ խոսում ես հիմնավորումների լեզվով, երբ իրեն չես համարում լյումպեն, դնում էշի տեղ ու մատուցում էժան, անորակ և անգրագետ խոսք, ինչպես Սերժի պարագայում է: Շատերը իրենց վերապահումներն ունեին Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթում արտահայտված այս կամ այն մտքի նկատմամբ: Եվ դա շատ նորմալ է: Սա խրախուսում է բանավեճային միջավայրը, որից ավտոմատ կերպով դուրս է մնալու իշխանությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2008-ին հրապարակայնորեն հայտարարեց, որ Ազատության հրապարակը (քաղաքական միջավայրը) մի համալսարան է, որտեղ հասարակությունը ստանալու է իր քաղաքական գիտելիքներն ու կրթությունը: Այսօր արդեն կարելի է ասել, որ այս հարցում Տեր-Պետրոսյանը կատարեց ահռելի գործ և դրական առումով ունեցավ անդառնալի ներդրում: Մեզ մոտ արդեն արագորեն ձևավորվում է քաղաքական այն դպրոցը, որում տեղ ունեն միայն փաստարկներն ու հակափաստարկները, քաղաքական մտածողությունը, ինտելեկտուալ ազնվությունը, և որում հաստատապես տեղ չունեն սերժսարգսյաններն ու տիգրանսարգսյանները՝ իրենց՝ պետական նշանակության հարցերում տատական խորաթաներով ու կենացներով: Սերժ Սարգսյանի ռեժիմն այլևս անախրոնիզմ է բոլոր առումներով:

Արմենակ Վարդազարյան 

Նախորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյան. 3 հետեւություն, թե ինչու ԱԱԽ անդամներին չեն տեղեկացրել ՄՄ-ին միանալու մասին’
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ-ը Հերմինե Նաղդալյանի հարցով դիմել է Էթիկայի հանձնաժողով ‘