‘Ֆրանսիայի դեսպանի դիվանագիտական պատասխանը. Կապրենք՝ կտեսնենք ‘

1059

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Եվրասիական միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

Լրագրողների հարցին, թե որքանո՞վ էր անսպասելի Եվրոպայի համար Սերժ Սարգսյանի հայտարարությունը, և հնարավո՞ր է, արդյոք, միանալով Մաքսային միությանը՝ այնուամենայնիվ, շարունակել համագործակցությունը ԵՄ ասոցացացման պայմանագրի շրջանակներում, դեսպանը պատասխանեց. «Մենք ի՞նչ հասկացանք: Հասկացանք, որ Հայաստանը ցանկանում է շարունակել իր համագործակցությանը ԵՄ-ի հետ բոլոր ոլորտներում և բոլոր ձևաչափերում: Մեզ, բնականաբար, գոհունակություն է պատճառում Հայաստանի որդեգրած վճռականությունը՝ շարունակելու եվրոպական կառույցների հետ իր երկխոսության  գործընթացը բոլոր ոլորտներում: Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ Հայաստանը շարունակի մնալ եվրոպական օրակարգում, և քաջալերում ենք Հայաստանին շարունակելու Եվրոպական Միության հետ բոլոր ոլորտներում մերձեցման իր որդեգրած քաղաքականությունը: Իսկ Հայաստանն էլ գիտակցում  է, որ այս ուղղությամբ Հայաստանի գործադրած բոլոր ջանքերին աջակցելու է Ֆրանսիան»:

Լրագրողների հակաճառությանը, որ եվրոպական մեր գործընկերներն արդեն ուղերձներ են ուղարկել, որ նախաստորագրման արարողությունը չի լինի, որովհետև Հայաստանը գնաց Մաքսային միության ուղղությամբ, իսկ դեսպանը կարծես թե հակառակն է հայտարարում, դեսպան Ռենոն արձագանքեց. «Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ եվրոպական օրակարգում, բոլորը դա գիտեն, միայն Ֆրանսիան չէ, որ գիտի, կլինեն քննարկումներ, կլինեն հանդիպումներ, կլինեն բանակցություններ: Ես ձեզ ասացի այն, ինչ կարող էի ասել և այն, ինչ կար: Համաձայն ասացվածքի՝ կապրենք, կտեսնենք:»

iLur.am-ի հարցին, թե որքա՞ն է վստահելի մի իշխանություն, որը տարիներ շարունակ բանակցություններ է վարում մի միության հետ համագործակցելու համար, սակայն հետո անսպասելիորեն հայտարարում է, որ  մտադիր է անդամակցել մեկ այլ միության, դեսպանը պատասխանեց.  «Մենք, բնականաբար, մեր գոհունակությունն ենք հայտնում այն բոլոր ձեռքբերումների, այն առաջընթացի համար, որ Հայաստանը կարողացավ գրանցել իր ակտիվում «Արևելյան գործընկերություն» ծրագրի ողջ ընթացքում, և մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը շարունակի այդ ուղղությամբ առաջ ընթանալ»: Լրագրողի ճշտող հարցը, թե դեսպանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները արդյո՞ք վստահելի են, դեսպանը անպատասխան թողեց՝ լքելով հանդիպման վայրը:

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեն էլ է ուզում ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ կարելի է Մաքսային միության հարցով հանրաքվե անցկացնել’