‘
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի մասին նախապես հայտարարել են համանախագահները, կկայանա Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: ԱրմԻնֆոյին այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
Սեպտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդել է, թե նոյեմբերին նախատեսում են այցելել տարածաշրջան` Սարգսյանի եւ Ալիեւի հետ տարեվերջին ծրագրված նրանց հանդիպմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում ընթանում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում գրեթե առանց կասկածների հերթական անգամ նախագահ կընտրվի Իլհամ Ալիևը:
«Նախագահների հանդիպում նախապատրաստելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել էին դեռ հուլիսի կեսին: Սակայն հանդիպումը կկայանա միայն Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, որոնք կեզրափակեն ընտրությունների ցիկլը ղարաբաղյան հակամարտության մասնակից երկրներում` Հայաստանում, ԼՂՀ-ում և Ադրբեջանում: Երկամյա ընտրական ցիկլի ավարտից հետո իշխանությունների ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից կուղղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այդուհանդերձ, նախագահների հերթական հանդիպումը կարող է խթանել կարգավորումը միայն բանակցությունների եռակողմ` Երևան-Ստեփանակերտ-Բաքու ձևաչափի վերականգնման դեպքում», — ընդգծել է Մայիլյանը:
Մայիլյանը նաև կարծում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն անմիջականորեն չի անդրադառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, քանի որ չի ուղեկցվի ինքնիշխանության մի մասի հանձնմամբ նոր վերազգային մարմնին: Վերլուծաբանը հավանական չի համարում նաև Մոսկվայի կողմից օսական և աբխազական սցենարի գործարկումը Ղարաբաղում: Մայիլյանը կարգավորման դրական ազդակների ի հայտ գալու առավել հավանական նախադրյալ է համարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից նոր իրատեսական առաջարկություններ ներկայացնելը, որոնք հիմնվեն հակամարտող կողմերի բարի կամքի վրա: «Կարծում եմ, արդեն բոլորի համար պարզ է, որ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնացած մադրիդյան սկզբուքների վրա, հնարավոր չէ հասնել տևական խաղաղության: Հետևաբար, հարկավոր են նոր փոխզիջումային մոտեցումներ, որոնք ներկայացնելը համանախագահների առանձնաշնորհն է», — ամփոփել է Մայիլյանը:
‘