‘Իրանի գլխավոր մանտրան է՝ «Մա՛հ Ամերիկային»’

975

Մինչ Իրանի նախագահ Հասան Ռոհանին փորձում է հարթել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, բազմամարդ ցույցերը՝ «Մա՛հ Ամերիկային» վանկարկումներով, կարող են խորացնել Արևմուտքի կասկածները, թե Թեհրանը պատրաստ է համագործակցել  իր միջուկային ծրագրի հարցում: Հիշեցնենք, որ այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն եկող շաբաթ: «Ամերիկան գլխավոր սատանան է»,- ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ազդարարել է արմատականների առաջնորդներից մեկը՝ այաթոլլա Ահմադ Հաթամին: Նա իր համախոհների առջև ելույթ է ունեցել  ուրբաթօրյա աղոթքի հիմնական վայրերից մեկում՝ Թեհրանի համալսարանում:

Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որի հովանավորյալն է Ռոհանին, ավելի վաղ հայտարարել էր, թե անիմաստ է համարում որևէ երկրի կամ որևէ առանձին մարդու մահվան կոչերը: Նա շեշտել է, որ ժամանակն է դադարեցնել արդեն սովորական դարձած «Մա՛հ Ամերիկային» վանկարկումները, ինչպես իսլամական հեղափոխությունից հետո դադարեցին հնչել «Մա՛հ Խորհրդային Միությանը» և «Մա՛հ Չինաստանին» կոչերը: Սակայն այաթոլլա Ահմադ Հաթամին, որ երևելի հոգևորական է ու կոշտ գծի կողմնակից և իր պաշտոնին է նշանակվել Գերագույն այաթոլլա Խամենեիի կողմից, նման մոտեցմանը կտրականապես դեմ է: «Վերջին 35 տարիներին այդ չարիքը պակասե՞լ է, թե՞ ավելացել: Եթե երեկ Իրանի դեմ դավադրությունների ասպարեզում Ամերիկան ընդամենը օձ էր, ապա հիմա նա թունավոր իժ է: Իրանի դեմ ուղղված ցանկացած դավադրություն Ամերիկայից է գալիս»,- Հաթամիի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը: «Դրանից ելնելով էլ՝ մենք ասում ենք՝ «Մա՛Հ Ամերիկային»… Ամերիկացիները պետք է իմանան, որ այս կարգախոսը իրանական դիմադրության գաղտնաբառն է, և քանի դեռ գոյություն ունի ամերիկյան չարիքը, այս կոչը հնչելու է ողջ երկրով, ողջ Իրանով մեկ», փոխանցում է MIGnews-ը:  

 

Նախորդ հոդվածը‘Իտալական «Պլաստմասե այգիները» կփակի HighFest փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 6-12-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ’