‘ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի և Ռոմնիի «կանաչ» մրցակցուհուն’

946

ԱՄՆ նախագահի՝ Կանաչների կուսակցության թեկնածու Ջիլ Սթայնը ձերբակալվել է, երբ փորձել է մուտք գործել Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի դահլիճ: Ոստիկանությունը ձերբակալել է նաև  «կանաչների» փոխնախագահի թեկնածու Չերի Հոնկալային: Միջադեպը տեղի է ունեցել Հեմփսթեդի համալսարանի մուտքի մոտ, որտեղ տեղի էր ունենալու նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը: Հասնելով մուտքին՝ Սթայնը պահանջել է ներս թողնել իրեն և թույլ տալ ներկա լինելու, իր իսկ խոսքերով՝ «ժողովրդավարության նկատմամբ այդ ծաղրուծանակին»: Ոստիկանները հրաժարվել են դա անել, և Սթայնն ու Հոնկալան, որպես բողոքի նշան, նստել են գետնին, որից հետո էլ նրանց ձերբակալել են՝ երթևեկությունը խոչընդոտելու համար:

ԱՄՆ նախագահի առաջատար թեկնածուների նախընտրական բանավեճերը կազմակերպում է Նախագահական հեռուստաբանավեճերի հանձնաժողովը, որը դեմոկրատներն ու հանրապետականները հիմնել են 1987 թ.: Որպես կանոն՝ դեբատների մասնակից են դառնում միայն երկու առաջատար կուսակցությունների թեկնածուները: Բացառություն է եղել 1992 թ., երբ Ջորջ Բուշ-ավագի և Բիլ Քլինթոնի հետ բանավիճել է անկախ թեկնածու Ռոս Պեռոն: Երկկուսակցական բանավեճերը հաճախ են քննադատության ենթարկվում տարբեր «երրորդ ուժերի» ներկայացուցիչների կողմից:

Նախորդ հոդվածը‘«Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսի մուտքն անվճար կլինի ‘
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան. Փուչիկների գործով դատապարտյալը քավության նոխազ է ‘