‘Ռետրո մամուլ. Քոչար. «Դաշտենցի ապաշնորհ այս գիրքը տրոցկիստական-նացիոնալիստական գրական վիժվածք է» ‘

2373

1930-ական թվականների կեսերից ԽՍՀՄ-ում սկսվեց ստալինյան ռեպրեսիաների փուլը, որին զոհ գնացին միլիոնավոր մարդիկ: Հայաստանը նույնպես չխուսափեց այդ բռնություններից: Հազարավոր հայաստանցիներ ձերբակալվեցին, աքսորվեցին, գնդակահարվեցին:  Այդ բռնություններին զոհ գնացին հայ գրականության բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչներ: Շատ հաճախ, նրանց դեմ հալածանքներին սկիզբ էին դնում հենց նրանց գործընկերները, որոնք տուրք էին տալիս զրպարտություններին, հանիրավի մեղադրանքներին, հայհոյախոսական հոդվածներին: Ահա այդ ժամանակներին բնորոշ մի հոդված, որի եւ հեղինակը, եւ վերջինիս կողմից «անարգանքի սյունին գամված» անձը մեզ շատ քաջ հայտնի գրողներ էին. Հրաչյա Քոչարը, ով նյութի հեղինակն էր, եւ Խաչիկ Դաշտեցը՝ նյութի հերոսը: Հոդվածը լույս է տեսել «Գրական թերթ»-ի 1937 թվականի մարտի 10-ի համարում:

ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏ ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐԴԻՆ

Խ. Դաշտենցը մեկն էր այն երիտասարդ գրողներից, որոնց վրա ոչ պատահական կերպով նացիոնալիստ գրչակները դրել էին իրենց մատը: Նա արդարացրեց իր վարժապետների հույսերը, որոնց առաջ խոնարհել է իր փոքրիկ գլուխը մեծ ակնածանքով: Թերթում ենք նրա ոտանավորների վերջին գիրքը: Փիլիսոփայել է, գրի է առել իր եւ ուրիշների մտքերն ու աֆորիզմները, իմաստություններ է արել եւ բացել նոր «Ամերիկաներ»: Սակայն ինչքան նա ցնորամիտ բանաստեղծ է ձեւացել, հիստերիկ ճիչեր է արձակել, դրանցով էլ հենց  արտահայտել ու ասել է այն, ինչ որ է ինքը, դրանցով էլ բացել է իր էությունը:  Լղարիկ սանը չի ցանկացել հետ մնալ իր հոգեհայրերից: Ցույց տանք այդ՝ մի քանի օրինակներով:

«Ասեղապոեմ»: Բռնել է սա մոտ 30 էջ, սկսվում է այսպիսի իմաստուն էպիգրաֆով, որ բանաստեղծը նվիրել է իր եղբորը.

«Ասեղը կա ու կլինի,

երբ որ կյանքում դու չես լինի»:

Թող ներվի մեզ ասել՝ այս պոեմի  սկզբում ասվում է, որ միջնադարյան Իսպանիայում մի զորավար չգնաց կռվելու եւ պարտվեց, որովհետեւ… շալվարը ծակ էր եւ ասեղ չուներ շալվարը կարելու: Երբ պարտված զորավարին տվին թել ու ասեղ, զորավարը դարձավ ասեց. «Այն երկիրն է հաղթող ու լի, ով ոք թել ու ասեղ ունի»:

Դրանից հետո, շարունակում է պատմել, որ իբր թե մեր երկրում մարդիկ շրջել են ծակ շալվարներով, որովհետեւ թել ու ասեղ չեն ունեցել: Ղոյթուրցի կոմունիստի բերանն է դնում իր հերյուրանքները:

Ղոյթուրցի կոմունիստը, երբ դիմում է հարազատներին եւ թել ու ասեղ  խնդրելու, որ ծակ շալվարը կարի, ստանում է հետեւյալ պատասխանները.

«Ասեղ չկա, գնաս բարով,

Շորըդ կարի տրակտորով»:

Եվ հետո՝ նույն միտքը կրկնվում է մի քանի անգամ եւ ավելի այլանդակ ձեւերով:

Չմոռանանք հիշեցնել, որ նա պոեմի սկզբում ասել էր. «այն երկիրն է հաղթող ու լի, ով որ թել ու ասեղ ունի»:

Մեկնաբանելու կարիք չկա: Հեղինակը ոչ միայն չի կարողացել, այլեւ ըստ երեւույթին չի էլ ցանկացել թաքցնել տրոցկիստական իր երկար ականջները, որ ցցել է վեր եւ երգել իր իսկական ձայնով: Դա տրոցկիստի եւ նացիոնալիստի ծանոթ երգ է, կամ ավելի ճիշտ՝ նրա նվոցն առաջին հաղթական հնգամյակի դեմ:

«Բոց»-ում լպիրշության է հասնում հակահեղափոխական, բակունցյան այն ժխտական վերաբերմունքը, որ հանդես է բերված դեպի «Հյուսիսի» կուլտուրան (հասկացիր Խորհրդային Մոսկվայի կուլտուրան), որից սարսափում է գրքույկ հեղինակը եւ «դողում ահաբեկ», որին հակադրվելու համար նույն էջում նա գովերգում է Արագածն ու Արարատը, որոնց ստվերները դրոշ են երիտ նացիոնալիստի համար («Արարատի ստվերները դրոշի պես ընկած գրքիս»): Բացի դրանից, «Ծիրանի փողի» հակահեղափոխական հեղինակին հետեւելով, նա ողբում է «ավեր բները», իր «ավեր խրճիթը» եւ այլն:

Խաչիկ Դաշտենցը երբեմն հայտարարություններ է անում նաեւ կյանքի մասին, բայց նրա ձգտումներն ու զգացմունքները ոչ մի առնչություն չունեն այդ կյանքի հետ: Նա ձգտում է հետ գնալ դեպի այն ժամանակները, երբ չկային երկաթն ու թիթեղը, նույնիսկ գավաթն ու հախճապակյա թասը եւ ի խորոց սրտից հառաչում է, որ եկել է երկաթի դարը:

«Ախ, ձեռքերս, ախ շուրթերս նոր

եմ հանձնում երկաթին…»:

Ու այսպիսի «բոցը» վերածվել է հետադիմական ռեակցիոն գրական օջախում մխացող աթար ծխի:

Զբաղվել է նաեւ թարգմանություններով: Կան մեծ գրողների անուններ, բայց նա ջոկել ու թարգմանել է այն, ինչ որ նրանք գրել են հարյուր տարի առաջ. բայց ինչ որ նա ինքը կցանկանար գրել 1936 թվին, ինչ որ դուր է եկել իր նացիոնալիստական-տրոցկիստական քիմքին: Քաղել է նա օրինակ, հետեւյալ քառյակը.

«Աշխարհը մի խուրձ խոտ է,

Իսկ մարդիկ միայն էշեր…»:

Բնորոշ է, թե ինչն է նա ընտրել կլասիներից դեպի մարդն ունեցած իր ատելությունն արտահայտելու համար»: Թարգմանել է նաեւ իսպանական «ժողովրդական» քառյակներ, որոնց մեջ կինը դուրս է բերված որպես չարության մարմնացում: Չասենք էլ, որ «ժողովրդական» այդ քառյակը դավաճանությամբ է հնչում Դոլորես Իբբաբուրիի, իսպաննական հերոսական կանանց հասցեին, որոնք մարտնչում են ֆաշիզմի դեմ: Իր գրքույկում կրտսերը քծնական ոտանավորներ է նվիրել իր ավագներին՝ նացիոնալիստներ Ալազանին, Մահարուն, Նորենցին եւ ուրիշներին. ոտանավորներ է նվիրել ոչ միայն նրանց, այլեւ նրանցից ոմանց հայրերին ու զավակներին:

Մի քանի խոսք գրքի ընդհանուր գեղարվեստական որակի մասին: Ողորմելի իդեաներն, իհարկե, չէին կարող գեղարվեստական բարձր մակարդակի հասնել: Այդ մակարդակի մասին կարող են ընդհանուր գաղափար տալ ահա այս «գոհարները»:

«Արեգակը թանաքաման եւ լուսինը

մի սեղան,

Ախ մարմարյա դու իմ սեղան, դու

ինձ ընկեր միշտ եղար,

Փղոսկրից ես դու սպիտակ, ախ դու մարմար դեռ չեղած

Ո՞վ հղկեց քեզ այդպես ողորկ,

այդ վարպետը ի՞նչ եղավ»:

Կամ՝ Իմ ներքնակը լցրել եմ ես

աստղերով ու աստղերով,

Եվ Լուսին որպես մի բարձ

դրել եմ ես գլխիս տակ»:

Բերենք մի օրինակ էլ՝

«Օրորոցս դրված էր աստղերի վրա,

Լուսինն էր, գիտե՞ք,

Մանկաբարձուհիս,

Արեւն էր իմ դայակը եւ

դաստիարակը»…

Նրա ոտանավորները հաճախ հիշեցնում են լուսնոտի ցնորամտություն, զառանցանք, լուսնոտի՝ որի համար արեգակը մի տեղ թանաքաման է, մի տեղ պրոֆեսոր, մի տեղ ուղղակի շքեղ եւ, մի այլ դեպքում՝ դայակ, մի ուրիշ տեղ՝ դաստիարակ, եւ ոչ մի տեղ արեգակը միայն արեգակ չէ: Իսկ լուսինը մարմարե սեղան է, փայտե սեղան, բարձ է, մանկաբարձուհի է: Աստղերը բուրդ են նրա ներքնակում, սիրուհիներ են եւ մեկ էլ՝ նա իր օրորոցը նրանց վրա է դնում:

Ամփոփենք: Խ.Դաշտենցի ապաշնորհ այս գիրքը տրոցկիստական-նացիոնալիստական գրական վիժվածք է, որ լույս է տեսել տրոցկիստ Ադոյանի խմբագրությամբ: Ի վերջո հեղինակն էլ իր գրքույկում տարակուսանքով հարցրել է իրեն.

«Դուրս կգա՞մ արդյոք այս մութ անտառից»:

Պարզ է, որ Դաշտենցը պրոլետարիատի եւ մեր ժողվրդի թշնամիների բանակն է ընկել: Իր փրկության մասին, մութ անտառից դուրս գալու մասին թողնում ենք իրեն մտածելու, եթե նա իսկապես ցանկանում է գտնել այդ ճանապարհը:

Հրաչյա Քոչար, «Գրական թերթ», 10.03.1937

Նախորդ հոդվածը‘Բուլղարացիները պարգեւավճարներ չեն ստանա Հայաստանին հաղթելու դեպքում ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Դատավարությունը ծաղր էր արդարադատության նկատմամբ’