‘
Գազի գնի թանկացման հետևանքով առաջացող տարբերությունը կսուբսիդավորի ռուսական կողմը։ Ազգային ժողովում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին` արդյո՞ք ուժի մեջ է ամիսներ առաջ Կառավարության արած հայտարարությունը, թե գազի գնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը պետք է Կառավարությունը վճարի:
Նախարար Մովսիսյանն ի պատասխան հայտարարեց, որ այդ հարցն այլեւս օրակարգում չէ, եւ ռուսասկան կողմը պարտավորվել է սուբսիդավորել Հայաստան առաքվող գազը:
«Ռուսական կողմը հետ չի կանգնի պայմանավորվածությունից և մինչև հաջորդ տարի կսուբսիդավորի գազի գինը», — նշեց նա։
Արմեն Մովսիսյանը համաձայնեց Արամ Մանուկյանի դիտարկման հետ, որ այս քննարկումները բավական ժամանակ են խլել:
«Ճիշտ եք նկատել, նախ ռուսական կողմի հետ համաձայնության եկանք, հետո խնդիր առաջացավ իրավական ձևակերպումների մասով, հետո, երբ փաստաթուղթը ստեղծվեց և պետք է ստորագրվեր, առաջ եկավ Մաքսային միությանը միանալու խնդիրը, և հիմա խնդիրը լուծվում է այդ լույսի ներքո: Այժմ վերջին բանակցւթյուններն են ընթանում, և իմ կարծիքով, մինչև Նոր տարի»,- ասաց նախարարը` հղում անելով «ռուս գործընկերների հավաստիացումներին»։
‘