‘«Մանչեստեր Յունայթեդ» — «Արսենալ», «Յուվենտուս» — «Նապոլի» և ևս մի քանի հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1242

Նախորդ չեմպիոնի  և միգուցե այս մրցաշրջանի ապագա չեմպիոնի հանդիպում` «Պրեմիեր լիգայում»: Դեռևս ամռան սկզբից «Սկուդետտոյի» միակ հավակնորդների խաղ՝ Իտալիայում, և արդեն իսկ «իրենց գլխից բարձր թռածների» խաղ՝ «Լա Լիգայում»: Այս ամենի և սպասվող այլ կենտրոնական հանդիպումների մասին՝ iLur.am-ի եվրոպական ուիքենդի անոնսում:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Արսենալ»

Կիրակի, ժամը 20:10

Ամենահնչեղ հանդիպումը կդիտի ֆուտբոլասերների մեծամասնությունը, անկախ նախախաղային պատմությանից, վիճակագրությունից ու նախընտրություններից:

Բայց, ամեն դեպքում, ՄՅՈՒ-ի երկրպագուները խաղից առաջ գերագնահատում և փորձում են հենվել այն վիճակագրություն վրա, ըստ որի՝ «զինագործները» «Օլդ Թրաֆորդում» վերջին 9 խաղերից 8-ում պարտվել են: Վենգերի տղաները ամբողջովին տարբերվում են երկու տարի առաջ 8-2 պարտված թիմից, և եթե նրանք պահպանեն այս պահի տրամադրությունն ու մարզավիճակը, ինչպես Կլոպը ասաց՝ «կարող են պայքարել նույնիսկ Չեմպիոնների լիգայի գավաթի համար»:

ՄՅՈՒ-ն էլ, խայտառակ մեկնարկից և «Պրեմիեր լիգայում» 3 հաղթանակներից հետո, որոշակիորեն կարգավորում է իր խաղը, բայց տպավորություն կա, որ Մոյեսը պատրաստվում է «ամառային» ձեռքբերումներ կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ինչը չի կարող չանդրադառնալ խաղացողների տրամադրության վրա:

«Վիլյառեալ» — «Ատլետիկո Մադրիդ»

Կիրակի, ժամը 22:00

Եթե Սիմեոնեի «Ատլետիկոն» արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ փորձելով խառնվել «մեծերի» գործերին՝ վերածվել է իսպանական ֆուտբոլի գլխավոր անակնկալին, ապա այս մրցաշրջանի գլխավոր անակնկալը հենց «դեղին սուզանավերն» են: «Վիլյառեալը» վերադարձավ «Պրիմերա» այնպիսի իրավիճակում, երբ այստեղ հստակեցված են առաջին երեք հորիզոնականները, բայց ուրվագծված չէ, թե որ թիմերը կարող են պայքարել ՉԼ-ի մասնակցելու հնարավորություն տվող 4-րդ տեղի համար: «Վալենսիան», ճգնաժամի պատճառով վաճառելով իր գլխավոր աստղին, Ջուկիչի հետ հայտնվել է մրցաշարային աղյուսակի միջնամասում, «Մալագայի» ղեկավարները որոշեցին կրճատել ակումբի ֆինանսավորման քանակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը», ինչպես և սպասվում էր, չափազանց մարզչական թիմ էր և առանց Մոնտանյեի՝ քիչ բանի է ունակ: Հիանալի իրավիճակ Մարիանո Գարսիա Տորալի թիմի համար, որպեսզի նրանք կառչեն իրենց ներկայիս տեղից և բաց չթողնեն այն՝ մինչև մրցաշրջանի ավարտ: Ջիովանի Դոս Սանտոսը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է առաջնորդել իր խաղընկերներին, միավորներ վաստակել Մադրիդի երկրորդ թիմի դեմ խաղում, ինչպես նրանք արեցին «սերուցքայինների» դեմ խաղում:

 «Յուվենտուս» — «Նապոլի»

Կիրակի, ժամը 23:45

Հանդիպում, որը կարող էր դիտարկվել որպես մրցաշրջանի կենտրոնական հանդիպում Իտալիայում: Բայց Ռուդի Գարսիան կերտեց անպարտելի «Ռոմա», որը միայն նախորդ տուրում առաջին միավորները կորցրեց, և այս պահին Կոնտեն և Բենիտեսը ստիպված են մտածել ոչ միայն «Սկուդետտոյի», այլև ՉԼ-ի «փլեյ-օֆֆում» հայտնվելու մասին:  Հնարավոր է, որ հենց նման ծանր խաղացանկն է պատճառը, որ «Ռոման» ավելի թարմ տեսք ունի, բայց դա չի կարող հանգստացնել «Սկուդետտոյի» գլխավոր հավակնորդներին: Իրականում թիմերից մեկի հաղթանակի և «Ռոմայի» պարտության դեպքում Յուվեն կամ «Նապոլին» կհավասարվեն «ջյալոռոսիներին», բայց եթե նրանց նոյեմբերի վերջին դժոխային հանդիպումներ են սպասվում Ստամբուլում և Դորտմունդում, «Ռոման» կարող է կենտրոնանալ «Ֆիորենտինայի» և «Միլանի» դեմ խաղերի վրա:

Ամեն դեպքում, նույնիսկ եթե ձեզ «Սերիա Ա-ն» չի գերում, արժե տեսնել, թե ինչպես է Տևեսը փորձելու ապացուցել, որ «ալբիսելեստայի» հիմնական հարձակվողը հենց նա պետք է լինի և ոչ թե Իգուաինը, և ինչպես են պատրաստվում անցյալ մրցաշրջանի «3-5-2-ից» «4-3-3-ի» անցած Կոնտեն և Բենիտեսը պայքարել իրար դեմ:

«Բետիս» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 23:59

Կատալոնիայում չեն դադարում Տատայի և նրա թիմի խաղաոճի փոփոխման վերաբերյալ քննադատությունները, ըստ որոնց՝ արգենտինացին Բարսան վերածում է հերթական գրանդի, որը պարզունակ ֆուտբոլ է ցուցադրում՝ ոչնչով չառանձնանալով մնացածից: Լավ է, որ Մեսսին վերջապես գոլի հեղինակ դարձավ, ճիշտ է՝ չվերադարձնելով իր նախկին փայլը: Միգուցե «Բետիսի» հետ խաղը մրցաշրջանի կարևորագույն խաղը չէ, բայց Սևիլյայում պետք է հաղթել հավաքականների խաղերով՝ պայմանավորված դադարից առաջ հանգստություն պահպանելու համար: Իսկ Պեպե Մելի թիմը ունի իր խնդիրները լուծելու: Նրանք «Լա լիգայի» վերջին 5 հանդիպումներից 4-ում պարտություն են կրել և հայտնվել են նախավերջին հորիզոնականում: Բարսայից այս պահին հնարավոր է միավորներ խլել, հատկապես եթե Տատան շարունակելով իր ռոտացիաների քաղաքականությունը կազմ դուրս բերի Պույոլ-Բարտրա զույգին և հիմնական կազմի վերադարձնի Պեդրոյին:

Բացի վերոհիշյալ հանդիպումներից՝ շաբաթ օրվա խաղերից «Լա լիգայում» ժամը 19:00-ին տեղի կունենա «Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ», իսկ «Բունդեսլիգայում» նրանից կես ժամ առաջ կսկսվի «Վոլֆսբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը: Ռուսական «Պրեմիեր լիգայում» կիրակի կեսօրից հետո ժամը 13:10-ին կմեկնարկի «Սպարտակ» — «Զենիթը», որտեղ Մովսիսյանը և խաղընկերները, առանց երրպագուների աջակցության, կփորձեն վրեժխնդիր լինել մի քանի շաբաթ առաջվա պարտության համար:

Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է երկրպագուներով և ավելի «էքստրեմալ» որևէ բան, և եթե պատրաստ եք կիսատ թողնել ՄՅՈՒ — «Արսենալը», բաց մի թողեք «Ֆեներբախչե» — «Գալաթասարայ» դերբին, որը կսկսվի կիրակի,   ժամը 21:00-ին:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ալիս Մունրո. կարճ պատմուածքի նոր իշխանուհին’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին տեղափոխում են դատարան (տեսանյութ)’