‘Վրաստանից հերքել են Հայաստանի գյուղնախարարության մասնագետների հայտարարությունները’

1115

 Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հերքել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի հայտարարությունն այն մասին, թե վարակված կարտոֆիլը Հայաստանից չի ներկրվել Վրաստան:

Վրաստանը պնդում է, որ վարակված կարտոֆիլը ներկրվել է Հայաստանից, և դա հաստատվել է լաբորատոր փորձաքննություններով:

«Վարակված կարտոֆիլը հայտնաբերվել է «Սադախլո», «Գեղուտի» և «Նինոծմինդա» սահմանային անցակետերում: Ընդգծում ենք, որ հենց այդ անցակետերով է ներկրվել կարտոֆիլ, ուրիշ երկրներից կարտոֆիլի ներկրում չի եղել, այդ իսկ պատճառով հայտարարություններն այն մասին, թե վարակված կարտոֆիլը Հայաստանից չի ներկրվել, չեն համապատասխանում իրականությանը», -ըստ Грузия online-ի՝ հայտնել են Վրաստանի եկամուտների ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆիլը վարակված չի եղել: Հայաստանում անցկացված լաբարատոր քննությունը պարզել է,  որ իբր վնասակար միկրոօրգանիզմներով վարակված կարտոֆիլն իրականում առողջ էր:

Грузия online-ը հիշեցնում է, որ հերթական անգամ վրացական կողմը հետ է ուղարկել 50 տոննա կարտոֆիլ,  և դա հիմնավորել է հանգամանքով, որ այն վարակված է «Ralstonia solanacearum» (Շագանակագույն փտախտ) и«Synchytrium endobioticum (Schilb) Perc» (Կարտոֆիլային քաղցկեղ) հիվանդություններով, ինչը, հայ մասնագետների պնդմամբ, չի համապատասխանում իրականությանը:

«Մեր թմբերում նման հիվանդություններ երբևէ չեն եղել: «Կարտոֆիլային քաղցկեղը» տարածված է միայն Գեղարքունիքի մարզում, և ներկրված կարտոֆիլի խմբաքանակի մեջ Գեղարքունիքի մարզից կարտոֆիլ չի եղել»,- հայտարարել են հայ մասնագետները:

Грузия online-ի փոխանցմամբ, չնայած խնդիրներին, կարտոֆիլի ներկրումը Վրաստան շարունակվում է, ամեն օր Հայաստանից Վրաստան է մեկնում կարտոֆիլով բեռնված 2-3 ֆուռ՝ 20-25 տոննա տարողությամբ: Այս տարվա սկզբից Վրաստան է ներկրվել 3200 տոննա կարտոֆիլ: Միայն համեմատության համար արժի նշել, որ 2012թ. ընթացքում Հայաստանից ներկրված կարտոֆիլի ծավալը եղել է 1100 տոննա:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն չի մեկնաբանում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Տարոնը չի խաբել, Տարոնին են խաբել’