‘
ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթ ուղղություններից մեկը Հարավային Կովկասում ձգձգվող հակամարտություններին մասնակցող կողմերի միջև երկխոսությանն աջակցելը կլինի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը: «Շվեյցարիան կձգտի իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում`կասկածի տակ չդնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հաստատված ձևաչափը»,- նշել է դեսպանը: Միաժամանակ դիվանագետը հավելել է, որ իր նախագահության ընթացքում Շվեյցարիան ակնկալում է փոխգործակցություն հաստատել Հարավային Կովկասում:
Նա նաև տեղեկացրել է, որ վերջին մի քանի ամիսներին Շվեյցարիայի դաշնային խորհրդական Դիդիե Բուրկհալտերը Շվեյցարիայի նախագահության գերակայություններն է ներկայացրել ԵԱՀԿ մասնակից երկրների բազմաթիվ բարձրաստիճան անձանց, այդ թվում`Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, ով 2013 հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Բեռնում է գտնվել:
Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայից օգնություն է խնդրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որպեսզի Թուրքիան կարողանա կարգավորել Երևանի հետ հարաբերությունները:
‘