‘
Ուժի գործադրումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է և կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Ուկրաինայի իշխանությունների համար, ԵՄ-ից զգուշացրել են Կիևին:
«Մենք կոչ ենք անում ուկրաինական իշխանություններին ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հակառակ դեպքում կարող են առաջանալ լուրջ հետևանքներ»,- ասված է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի և Ուկրաինայի հարցով զեկուցող Յացեկ Սարիուշ-Վոլսկու համատեղ հայտարարությունում:
Բրոկն ու Սարիուշ-Վոլսկին իրենց վճռական աջակցությունն են հայտնել ուկրաինացի հարյուր հազարավոր ցուցարարներին: Նրանք նաև հայտարարել են, որ ԵՄ-ի դռները շարունակում են բաց մնալ ուկրաինացի ժողովրդի առջև:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն վստահեցրել է, որ իրավապահները ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ և ակտիվիստներին կոչ է արել պահպանել կարգ ու կանոնը:
‘