‘
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «տեսնում է», որ Ռուսաստանը առաջիկա տարիներին կնվազեցնի Հայաստան առաքվող գազի գինը:
Այդ հայտարարությունը պատգամավորն արեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ հիմնվելով «իր քաղաքական տրամաբանության վրա»:
iLur.am-ը հիշեցրեց պատգամավորին, որ դեկտեմբերի 3-ին, ՌԴ նախագահ Պուտինի այցի հաջորդ օրը Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ այդ այցի արդյունքում գազի գինը կնվազի: Այնինչ, նույն օրը ավելի ուշ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը թեեւ չի թանկանա, բայց չի էլ նվազի: Ավելին, էներգատիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական գազի գինը սահմանի վրա առաջիկա 5 տարիներին թեեւ չի աճի, բայց սպառողի համար գազը կարող է թանկանալ՝ կապված դրամի փոխարժեքի տատանման հետ:
Գալուստ Սահակյանը, Ռուսաստանի կատարած քայլերը վերլուծելով, այն եզրահանգմանն է եկել, որ Մոսկվան մտադիր է առաջիկա տարիներին նվազեցնել գազի սակագները:
«Նաև ռուսական կողմից հայտարարություն եղավ, որ գազի գինը Հայաստանի քաղաքացիների համար հաշվարկվելու է Ռուսաստանի ներքին սակագներով: Կարծում եմ` Ռուսաստանը մեղմ քաղաքականություն կկիրառի գազի գնի հետ կապված: Հետո նաև աշխատավարձերի բարձրացումը կնպաստի, որ քաղաքացիների մոտ գազի գնի հետ կապված խնդիրը վերանա ու նրանք նորմալ կարողանան օգտվել գազից », — հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Նա խոստովանեց, որ վերջին տարիներին տեղյակ չի եղել գազի գինը չթանկացելու նպատակով կառավարության կուտակած պարտքի չափի մասին:
«Այս ընթացքում, որպեսզի մեղմվի գազի գինը բնակիչների համար, միջոցառումների փոփոխություններ ենք արել, որ սոցիալական խավին աջակցենք: Այդ ընթացքում պարտք է կուտակվել, թե դա 100 միլիոն է, թե 200, ես հստակ չգիտեմ, բայց գիտեի, որ պարտքեր են կուտակվել», — ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
‘