‘ Իրանահայ լրագրող. Իրանական գազը կարող էր հաղթաթուղթ ծառայել «Գազպրոմի» հետ բանակցություններում’

870

Իրանական գազն ավելի շահավետ այլընտրանք կարող է լինել ռուսականի նկատմամբ, եթե Հայաստանի իշխանությունները, վերջապես, այդ հարցի շուրջ բանակցություններ սկսեն ԻԻՀ հետ: Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը:

Նա նշել է, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է իրանական գազն ավելի ցածր գնով տրամադրելու պատրաստակամության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն անտեսում են այդ հայտարարությունները: «Բավականին տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունները նախընտրում են ավելի թանկարժեք և կալորիականությամբ ցածր ռուսական գազն այն  դեպքում, երբ Իրանը կարող է ավելի էժան և բարձրորակ գազ ապահովել ինչպես կանխիկ միջոցների դիմաց, այնպես էլ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերներով»,- նշել է լրագրողը: Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները, որպես հաղթաթուղթ օգտագործելով այլընտրանքը իրանական գազի տեսքով, կարող են «Գազպրոմի» հետ բանակցություններ սկսել և իջեցնել մատակարարումների սակագները: «Իրանը բազմիցս հայտարարել է Հայաստանով և Վրաստանով Եվրոպա գազ արտահանելու ցանկության մասին, ինչը նույնպես ձեռնտու է Հայաստանին, քանի որ բացի էժան գազից Երևանը նաև փող կստանա տարանցման դիմաց», — ընդգծել է Մինասյանը:

Լրագրողը նաև նշել է, որ իր համար անհասկանալի է, թե Հայաստանի իշխանություններն ինչու են հետաձգում Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը: «Դա Հայաստանին ավելի ձեռնտու է, քան` Իրանին, սակայն իշխանությունները համառորեն չեն ցանկանում միջոցներ գտնել դրա շինարարության համար այն դեպքում, երբ ԻԻՀ արդեն հայտարարել է տեխնիկական և ինժեներական աջակցություն տրամադրելու մասին», — հայտարարել է նա:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. 2013-ին իշխանությունների «ձեռքբերումը» Հայաստանի` խաղացողի կարգավիճակի վերջնական կորուստն էր’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Վարչապետին երկարաժամկետ փողեր են պետք ‘