‘Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան նախապայմաններ է ստեղծում Սիրիայում ռազմական միջամտության համար ‘

1546

Իրադրությունը սրվում է, լարվածությունն ուժեղանում է. միտումներ կան, որ Սիրիայի իրադարձությունները տարածվեն տարածաշրջանի այլ երկրներում՝ Լիբանանում, Հորդանանում: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա՝ երկրորդ միտումը Սիրիայի ապստամբ ուժերի շրջանում ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչների դերի աճն է:

«Դա վտանգ է ներկայացնում արդեն ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի համար: Երրորդ միտումն այն է, որ Արևմուտքը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, տեսնելով, որ ապստամբ ուժերն իրենց նպատակներին չեն հասնում, սկսում են ծրագրեր նախապատրաստել անմիջական միջամտության համար, և դրա դրսևորումն այն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, թե լրջորեն նախապատրաստում են ծրագրեր Սիրիայում միջամտության համար», — ասաց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի քաղաքականությունը վերջին տարվա ընթացքում փակուղի է մտել. թուրքական կողմը կամ պետք է հրաժարվի ընդդիմադիրներին օգնություն ցույց տալուց ու Ասադին հեռացնելուց, ինչն անհասանելի է, կամ ավելի խորը ներքաշվի, ինչը ենթադրում է Թուրքիայի անմիջական ռազմական միջամտություն: Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան երկրորդ տարբերակին է նախապատվությունը տալիս ու նախապայմաններ է ստեղծում ռազմական միջամտության համար:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում քվեարկության կդրվի սիրիահայերին տուրքերից ազատելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն՝ կապված Վարդան Ղուկասյանի գործունեության հետ ‘