‘Հիվանդ զինծառայողին բուժելու փոխարեն՝ ծեծել են. Մայրը հաստատում է’

1684

Ինչպես օրերս գրել էր «ՉԻ» օրաթերթը, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում միջադեպ է տեղի ունեցել՝ ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակով Երևանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի 18-ամյա բնակիչ Մհեր Խլղաթյանը։ Հոսպիտալից «ՉԻ»-ն հայտնել էին, որ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հայտնել էին նաև, որ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբ ախտորոշմամբ։ Թերթը նշում է, որ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 27 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին։

Ըստ թերթի տեղեկությունների՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի հետ կապված խնդիր։ Զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։

Եվ ահա ասյօր զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, հայտարարում է, որ իր որդին խոշտանգումների է ենթարկվել: Նրան ոչ միայն չեն բուժել, այլեւ պատժել են՝ համարելով «սիմուլյանտ», ձեռքերն ու ոտքերը այրել են, իսկ գլխին ուժեղ հարվածներ տեղալուց Մհեր Խլղաթյանի մոտ ի հայտ է եկել հեմատոմա: Այս մասին նա ասել է galatv.am-ի հետ զրույցում:

Բացի այդ զինծառայողը կորցրել է հիշողությունը, խոսելու ունակությունը: Զինվորի մոր խոսքերով՝ միայն երեկ է Մհերը սկսել անորոշ խոսել ու անպարզ մտքեր արտահայտել, սակայն չի կարողանում հիշել բոլոր հարազատներին:

Տիկին Գոհարը հուզված պատմել է, որ երբ տղային դեկտեմբերի 18-ին ճանապարհել է զինծառայության, ոչ մի խնդիր չի ունեցել, մի քանի օրում երեխան դարձել է «մեռած» մարդ:

«Ո՞վ է խփել… հետեւից խփել են, ես ի՞նչ իմանամ: Մի բան գիտեմ, որ եթե ախպերը մի քանի ժամ էլ ուշ հասներ, երեխաս կմեռներ: Չաստում կմեռներ: Չաստից ախպերն է կամանդիրի հետ տարել Վարդենիս: Հասցրել են Վարդենիս ու այնտեղ տեսել են, որ իրենց խելքի բանը չէ, փրկել երեխային հնարավոր չէ, անմիջապես սիստեմայով տեղափոխել են Երեւան: Եթե մի ժամ էլ իմ տեգորս տղան ուշ գնար հասներ, վերջ, արդեն Մհեր չկար: Ձեռքերն ու ոտքերը լրիվ վառված, կապտուկների մեջ, երեխայիս ծեծել ու խոշտանգել են օրեր շարունակ: Հիմա չնչին փոփոխություն կա, բայց այդ չնչինը մեզ համար մեծ բան է: Եթե ապաքինվի էլ, չգիտեմ, թող բուժվի, հետո հետոն ցույց կտա: Արդյո՞ք իմ երեխան կուզի նորից գնալ այդ բանակ կոչվածը»,-ասել է զինխառայողի մայրը galatv.am-ի հետ զրույցում:

Նախորդ հոդվածը‘Լյուքս Ստեփանյանի հայրը փորձել է իրեն ցած նետել դատարանի շենքից’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք կրակահերթ են բացել Բանգկոկի ցուցարարների ուղղությամբ’