‘
Սանկտ Պետերբուրգում կարող են հայտնվել երիտասարդական իրավապահ ջոկատներ, որոնցում նախատեսվում է ներգրավել քաղաքում մշտական բնակություն հաստատած հյուսիսկովկասյան ազգությունների ներկայացուցիչներին: Իշխանությունների կարծիքով՝ դա կնպաստի նվազեցնել հանցավորությունը ազգային փոքրամասնությունների շրջանում, նշում է «Независимая газета»-ն: Իրավասու մարմինները մինչև փետրվարի 20-ը պետք է քննարկեն հարցը և մշակեն դրանք ստեղծելու մեխանիզմները: «Եդինոռոս» պատգամավոր Ալեքսանդր Կուշչակը պաշտպանում է նման ջոկատների ստեղծման գաղափարը: «Թող լինեն ինտերնացիոնալ ջոկատներ: Բայց ծրագրի հիմնական նպատակն է վայրկենական արձագանքը իրավախախտումներին, որպեսզի յուրաքանչյուր թաղամասում և յուրաքնաչյուր շենքում թաղայինն իմանա, թե ում վրա կարող է հենվել: Կարևոր է նաև տեսանկարահանող համակարգի զարգացումը»,- նշել է Կուշչակը: Մինչդեռ պետերբուրգյան Ազգությունների տան ակտիվիստներից մեկը՝ Դմիտրի Մատվեևը, դեմ է նման ջոկատների կազմավորմանը: «Ճիշտն ասած՝ ես չեմ հասկանում, թե ինչ չափանիշներով են ստեղծվելու այդ ջոկատները: Մեր քաղաքում Հյուսիսային Կովկասի համայնքն ամենևին էլ ամենամեծը չէ: Ինչո՞ւ նման ջոկատներ չեն ստեղծվում, օրինակ, բելառուսական համայնքի ներկայացուցիչներից, կամ ուկրաինական, հայկական, ուզբեկական»,- ասել է Մատվեևը, փոխանցում է kommersant.ru-ն:
‘