‘
«168 ժամ» թերթի տեղեկություններով` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է, և կրքերը որոշ չափով հանդարտեցնելու համար էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել է, որ մինչև փետրվարի 15-ը 1 ամսվա աշխատավարձ կվճարվի: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` նաիրիտցիներն արդեն չեն հավատում նախարարին` հաշվի առնելով անցյալի դառը փորձը: Ա.Մովսիսյանն արդեն ոչ մեկ անգամ է խոստումներ շռայլել նաիրիտցիներին, որոնք իրականություն չեն դարձել:
Գործարանի աշխատակիցների թերահավատությունն ավելի են բորբոքել այն լուրերը, որ շուտով Մովսիսյանն այլևս չի զբաղեցնելու նախարարի աթոռը և որպես դեսպան` գործուղվելու է Իրան:
Թերթի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը՝ Մովսիսյանը հայտարարել է, թե ինքն էլ է մամուլից իմացել, որ «նման լուրեր են պտտվում»: «Նկատենք, որ, ինչպես արդեն գրել էինք, մեր աղբյուրների համաձայն՝ բոլորովին վերջերս Ա.Մովսիսյանը «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանից պահանջել էր՝ այլևս աշխատավարձ չուզեք, փոխանցում չի լինելու»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
‘