‘Կամիլ Պիսարոյի կտավը ռեկորդ է սահմանել Sotheby’s աճուրդում’

1749

Իմպրեսիոնիստ Կամիլ Պիսարոյի «Մոնմարտր բուլվար. Գարնանային առավոտ» կտավը  փետրվարի 5-ին Sotheby’s աճուրդում վաճառվել է 19,9 միլիոն ֆունտ սթեռլինգով (24 միլիոն եվրո), տեղեկացնում է աճուրդի տան կայքը: Այդպիսով՝ «Մոնմարտր բուլվարը» նոր աճուրդային ռեկորդ է սահմանել Պիսարոյի աշխատանքների համար: Նկարչի կտավների գների նախորդ ռեկորդը գերազանցվել է հինգ անգամ, ընդգծել են Sotheby’s-ում:

«Մոնմարտր բուլվարը», որը Պիսարոն նկարել է 1897 թ., հրեա հայտնի արդյունաբերող Մաքս Զիլբերգերի հավաքածուում էր, որը բռնագրավել էին նացիստները: Զիլբերգերի ժառանգներին Պիսարոյի կտավը վերադարձվել է 2000 թ.: Մինչ աճուրդի մեկնարկը կտավի նախնական գին էր սահմանվել ընդամենը 7-10 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Աճուրդում իրենց նոր տերերին են գտել նաև Վան Գոգի («L’homme est en mer»)և Պաբլո Պիկասոյի («Մինոտավրոսով Կոմպոզիցիա») կտավները:

Իմպրեսիոնիստների՝ Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառված կտավների  ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 163,5 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Նախօրեին իմպրեսիոնիստների և մոդեռնիստների արվեստի գործերի աճուրդ է անցկացրել նաև Sotheby’s -ի գլխավոր մրցակիցը՝ Christie’s աճուրդային տունը, որի թոփ-լոտը դարձել է իսպանացի կուբիստ Խուան Գրիսի «Նատյուրմորտ վանդակավոր սփռոցի վրա» կտավը. այն վաճառվել է այդ նկարչի համար ռեկորդային գնով՝ 56,7 միլիոն դոլարով: Christie’s-ի ընդհանուր շահույթը կազմել է 177 միլիոն ֆունտ սթեռլինգ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Չեխոսլովակիայի խորհրդային ներխուժման նախաձեռնողը’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը ՄՄ-ին միանալուց հետո՝ 1.5 %-ոց ինֆլացիա է կանխատեսում ‘