‘
Դեռևս անցած տարեվերջին Տիգրան Սարգսյանը շատ լուրջ դեմքով այցելում էր Գյումրի ու վստահեցնում, որ առնվազն երեք նախարարություն տեղափոխվելու է երկրորդ մայրաքաղաք՝ քաղաքին կենդանություն հաղորդելու նպատակով: Այս մասին գրում է «Հրապարակը»: Առաջինը՝ մշակույթի նախարարությունը, ապա՝ սպորտի և երիտասարդության հարցերինը: Խոսվում էր նաև քաղաքաշինության նախարարության մասին:
Թեև այս ծրագիրը ոտքից գլուխ խնդիր էր ու, ըստ կանխատեսումների, չգործող, բայց Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ դա հնարավոր է: Նույնիսկ Գյումրիում շենքեր էր տնտղում: Բայց պարզվում է, նրա ենթակա գերատեսչությունների ղեկավարները կարծում են, որ դա «աշխատող տարբերակ չէ», և այդ մասին հրապարակավ հայտարարում:
«Գյումրի տեղափոխման հարցը մասամբ բարձրացվեց, էդ ուղղակի օդի մեջ խոսակցություն էր, լուրջ բան չկա»,- ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: «Հարցը երեք նախարարություններին է վերաբերում, բայց երեքն էլ լոկ խոսակցություն է եղել»,-շարունակել է թերահավատ տոնով՝ նշելով, որ «դա աշխատող չէ»:
‘