‘
Ուկրաինական «Աջ սեկտոր» խմբավորման ղեկավար Դմիտրի Յարոշի նկատմամբ Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարվել, որոշում է կայացվել նրան հեռակա ներգարավել որպես մեղադրյալ, տեղեկացրել է ՌՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Անցած երկուշաբթի պարզվել էր, որ Ռուսաստանում Յարոշի դեմ քրեական գործ է հարուցվել. ռուսաստանցի քննիչները ուկրաինացի քաղաքական գործչի գործողություններում նկատել են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր՝ ԶԼՄ-ների միջոցով:
Ռուսաստանում վրդովմունք էր առաջացրել «ВКонтакте» սոցիալական ցանցի «Աջ սեկտորի» էջում հայտնված հաղորդագրությունը, թե իբր Դմիտրի Յարոշը կոչ է արել հյուսիսկովկասյան ընդհատակի առաջնորդ Դոկու Ումարովին պաշտպանել Ուկրաինան:
«Աջ սեկտորում» հայտարարել են, որ իրենք Ումարովին նման կոչով չեն դիմել, և իրենց էջը սոցիալական ցանցում «կոտրվել է»: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘