‘Օրվա համառոտ ամփոփում’

1008

Օրը լարված էր հատկապես «Դեմ եմ» նախաձեռնության անդամների համար. Ակտիվիստները այսօր բողոքի ցույց էին անցկացնում Ֆինանսների նախարարության դիմաց՝ ընդդեմ նախարարության ապօրինությունների:

Ակցիայի մասնակիցները փակել են Նալբանդյան փողոցի երթեւեկությունը այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախարարը չի իջնելու ցուցարարների մոտ: 

Ցույցի ժամանակ տեղի է ունեցել բախում, որից հետո ոստիկանները նախաձեռնության անդամներից մի քանիսին բերման են ենթարկել: Նախատեսվածի համաձայն նրանք երեք ժամ անց ազատ են արձակվել: Ամբողջական տեսանյութը եւ ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

Հայտնենք նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց բողոքի ակցիայից առաջ մի քաղաքացի փորձել է ինքնահրկիզվել: Նա շշից բենզին է լցրել իր վրա, բայց չի հասցրել այրել: Վրա հասած ոստիկանը կանխել է ինքնահրկիզման փորձը:

ՀՀ գլխավոր դատախազությունը այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի սահմանն անցած 20-22 տարեկան երիտասարդի անունը Արսեն Խոջոյան է: Ռազմինֆոյին հաջողվել է պարզել, որ նման անձնական տվյալներով բնակիչ կա Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ 

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը: 

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հայտնի Լիսկան, հայտարարել էր, որ Ավետիք Բուդաղյանը 2013-ի հունիսի 1-ին այնքան խմիչք էր ընդունել, որ կարող էր հենց դրա հետեւանքով մահանալ: Հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից, ով նշեց, որ եւ՛ Սուրիկ Խաչատրյանը, եւ՛ Ավետիք Բուդաղյանը վերադառնում էին խնջույքից, եւ ոչ մի զարմանալի բան չկա, որ Ավետիք Բուդաղյանի արյան մեջ առկա էր որոշակի չափով արկոհոլ:

Մարտի 7-ին Եվրոպայի 47 երկրներ դատապարտել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայում և նրան կոչ են արել անհապաղ զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև՝ ստորագրահավաք են սկսել Եվրոպայի խորհրդում ռուսաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու  վերաբերյալ: 

Սարատովում մոտավորապես 10 հազար մարդ դուրս է եկել ցույցի՝ ի պաշտպանություն ուկրաինացի ժողովրդի: Այդ մասին մարտի 6-ին հաղորդել է տարածքային ՆԳՆ վարչությունը: Գերատեսչությունը նշում է, որ ակցիան անցել է գործող օրենսդրության շրջանակներում, ոստիկանությունը հասարակական կարգի խախտումներ չի արձանագրել:

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կայացել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը’