‘Զուրաբյան. Միքայել Մինասյանի «գովազդային կայսրությունը» ԶԼՄ-ների վրա ճնշելու գործիք է (տեսանյութ)’

1456

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամին բարձրացրեց հեռուստագովազդի ոլորտում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հաստատած մենաշնորհի հարցը: Հիշեցնելով, որ ԱԺ մեծամասնությունը առաջին ընթերցմամբ ընդունել է Հանրային հեռուստատեսությունով կոմերցիոն գովազդն արգելող օրինագիծը, Զուրաբյանը նշել է, որ դրա նպատակը Միքայել Մինասյանին պատկանող գովազդային կայսրության համար ավելի շատ շահույթ ապահովելն է:

Պատգամավորի խոսքով, գովազդատուները հրաժարվում են ուղղակի գործարքներ կնքել հեռուստաընկերությունների հետ: Որպես միջնորդ հանդես է գալիս Media international service ընկերությունը, որը պատկանում է Միքայել Մինասյանին:

«Այն այսօր Հայաստանում գործող միակ sales house-ն է, եւ կարելի է արձանագրել, որ այս շուկայում ապահովված է 100 տոկոսանով մոնոպոլիա Միքայել Մինասյանի կողմից», — նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, սակայն, սրանով խնդիրը չի սահմանափակվում: Վերոհիշյալ «սեյլս հաուսը» ձեռք է բերել գովազդի բաշխման բացառիկ իրավունքներ «Արմենիա TV», «ԱՏՎ», «Արմնյուզ» եւ «Շանթ: հեռուստաընկերություններում գովազդ տեղադրելու համար:

«Այս հեռուստատեսություններից երեքը, բացի Շանթից, միավորված են «Պանարմենիան մեդիա հոլդինգի» հովանու ներքո, որը նույնպես պատկանում է Միքայել Մինասյանին: Այս բավականին խորամանկ սխեմայի միջոցով անկախ փորձագետների գնահատականներով, Միքայել Մինասյանը տիրացել է հեռուստատեսային գովազդի շուկայի 75-80 տոկոսին: Ընդ որում, քանի որ գովազդատուները հրաժարվում են ուղղակի աշխատել հեռուստաընկերությունների հետ եւ իրենց գործարքները կատարում են Հայաստանի միակ, սեյլս հաուզի միջոցով, մոնոպոլիզացման աստիճանը հաստատուն տեմպերով աճում է: Խնդրում ենք պատասխանել, թե արդյոք ինչ է անում Կառավարությունը, անընդունելի այս մենաշնորհը վերացնելու նպատակով», — հարցրեց պատգամավորը:

Ադարադատության նախարար Հրայր Թովմասյանն ի պատասխան միայն նշեց, որ պատգամավորը քաղաքական բովանդակության հարց է տալիս, ինչը կարելի էր անել երեքշաբթի` հայտարարությունների ժամին: Հրայր Թովմասյանի խոսքով, օրինագծին ինքը համաձայնություն է  տվել, «որպեսզի իր տասը տարեկան երեխայի հետ հեռուստացույց նայելով, չկարկամի», որ հանրայինը ձերբազատված լինի ցանկացած գովազդից, որովհետեւ հանրայինը փորձելու է իր քաղաքականությունը ստեղծել գովազդի շուրջ, բոեւիկներ է բերելու եւ այլն:

Արձագանքելով` Զուրաբյանը նշեց, որ կառավարությունից բոլորովին այլ պատասխան է ակնկալում` մենաշնորհի խնդրի մասին:

Նա տեղեկացրեց նաեւ, որ գոյություն ունեն նաեւ լրատվամիջոցների վարկանիշները չափող ընկերություններ, որոնք չափում են, թե որ Լրատվամիջոցն ինչ ռեյտինգ ունի: «Նախկինում հայաստանյան շուկայում գործել է երկու ընկերություն: Այս ընկերություններն իրար հետ մրցակցության մեջ էին եւ ապահովում էին քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր: Միքայել Մինասյանը հասել է նրան, որ ընկերություններից մեկը սեփականաշնորհվել է իր կողմից, եւ մյուս ընկերությունն ընդհանրապես դուրս է մղվել հայաստանյան շուկայից», — ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, սա նույնպես արվել է, որպեսզի հաստատվի վերահսկողություն գովազդային շուկայի նկատմամբ:

«Եվ այսպես, արձանագրում ենք, որ Սերժ Սարգսյաի փեսան, օգտագործելով կապերը երկրի գործող նախագահի հետ, հաստատել է շուկայում 80 տոկոսանոց մենաշնորհ: Բացի նրանից, որ խոսքը գնում է բարեկամական կապերի եւ իշխանական լծակների չարաշահման մասին` բացառապես անձնական հարստացման նպատակով, պետք է արձանագրել նաեւ մեկ այլ իրողություն. այս լծակները ռեժիմի կողից օգտագործվում են որպես ճնշման միջոց եւ գովազդատուների, եւ լրատվամիջոցների վրա», — ամփոփեց պատգամավորը:  

Նախորդ հոդվածը‘Երևանում տեղի կունենա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» միջազգային ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ». Վահե Գրիգորյան. Իշխանությունը միշտ պատկանելու է ժողովրդին ‘