‘
Տրանսպորտի և կապի ոլորտներին կհատկացվի 85360.4 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 73249.7 մլն դրամի դիմաց: Ծախսերի աճը կազմում է 12110.6 մլն դրամ կամ 16.5 տոկոս: iLur.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ, հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին երկաթուղով ուղևորափոխադրումներից առաջացած վնասի փոխհատուցման նպատակով նախատեսվում է հատկացնել 328.8 մլն դրամի սուբսիդիա: Սուբսիդիայի գումարը, ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համեմատ՝ ավելացել է 173.8 մլն դրամով:
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆինանսների փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքանով է հրատապ այս հարցը: «Էս ի՞նչ երկաթուղի է: Ի՞նչ պրոբլեմ ունեինք Երևանից Աշտարակ գնալու, գնում էինք, էլի, լավ էլ ճանապարհ էր»:
Պավել Սաֆարյանն ասաց, թե երկաթուղու կառուցում նախատեսված չէ, պարզապես պարտավոր էին գումարներ հատկացնել, որովհետև ԱԺ-ն երեք տարի առաջ ընդունել է վարկային ծրագիր, իսկ թե ինչու է այդ ծրագիրն ընդունվել՝ այլ հարց է:
«Ես կարող եմ երաշխավորել, որ գումարները համապատասխանում են վարկային ծրագրի պահանջներին»,- ասաց Սաֆարյանը:
‘