‘
Ըստ շրջանառվող լուրերի՝ մասնավոր հիվանդանոցներում բարձրացվել են վիրահատությունների համար սահմանված գները:
iLur.am-ի թղթակիցը խոսեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանի հետ, ով սկզբում հերքեց թանկացման լուրը, այնուհետև ասաց.
«Նման տեղեկություններ ստանալու համար զանգահարեք նախարարություն և տեսեք, թե ինչ կողմնորոշիչ սակագների ցանկեր են ուղարկել, ու դրանով էլ ղեկավարվեք: Մարդկանց մեջ բաներ մի տարածեք»:
Թղթակցի այն դիտարկմանը, թե առողջապահության նախարարության պնդմամբ՝ գները սահմանում է մասնավոր հիվանդանոցի տնօրինությունը, Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ նախարարության կողմից ուղարկված կողնորոշիչ սակագների հիման վրա հիվանդանոցն է որոշում ծառայության գները:
Պատասխանելով այն հարցին, թե, փաստորեն, ըստ տնօրենի՝ վերջին շրջանում գների փոփոխություն չի՞ եղել, նա ասաց.
«Ինչ-որ եղել է, նորմայի սահմանում է եղել»:
Իսկ երբ կրկին փորձեցինք ճշտել, թե, այնուամենայնիվ, վերջինս չի՞ հերքում թանկացումը՝ տնօրենը բորբոքվեց.
«Գիտեք ի՞նչ կա՝ գների քաղաքականությունը որոշում են առողջապահության նախարարությունը և մասնավոր հիվանդանոցի տնօրինությունը՝ ելնելով իրավիճակից: Դուք ինչ-որ քոմենթներ ունե՞ք, ինչ-որ պրոբլեմներ ունե՞ք գների հետ կապված… », — և iLur.am-ի թղթակցին առաջարկեց անձամբ ներկայանալ հիվանդանոց և ամեն ինչին ծանոթանալ տեղում:
‘