‘
Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոն է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ չնայած կառավարության արգելքին:
Համաձայն ՀՀ Առևտրա-արդյունաբերական պալատի հրապարակած տվյալների՝ Հայաստանի և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառությունը 2013 թվականին աճել է 40%, մինչև 77,7 մլն դոլար: Ընդ որում՝ հայկական ապրանքների արտահանման ծավալը մեկ տարում չի փոփոխվել՝ կազմելով 9 մլն դոլար: Հայկական արտահանման կառուցվածքում ներգրավված են ալմաստները, սև և գունավոր մետաղների ջարդոնը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ջարդոնի արտահանումն արգելված է կառավարության կողմից, քանի որ այն նախատեսվում է օգտագործել ներքին նպատակների համար: Մասնավորապես, փոխնախարարը նշել է, որ մետաղի ջարդոնն արգելվել է արտահանել, քանի որ Չարենցավանում կառուցվել է ամրանների գործարան, որը պետք է աշխատի այդ հումքի հիման վրա:
Հատկանշական է, որ նշված արգելքը կառավարության կողմից ընդունվել է 2013 թվականին, սակայն, ջարդոնի արտահանումն, այնուամենայնիվ, շարունակվում է: Ինչ վերաբերում է ԱՄԷ-ին ալմաստ մատակարարելուն, ապա այստեղ խոսքը վերաարտահանման մասին է, պարզաբանել է Հարությունյանը:
Նշենք, որ հունիսի 3-ին Երևանում գործարար հանդիպում է կայացել Աբու-Դաբիի Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ:
‘