‘Տնտեսագետ. Ինտեր ՌԱՈ-ն ֆինանսական պրոբլեմներ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում’

1021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (Ինտեր ՌԱՈ) ֆինանսական պրոբլեմներ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում: Նման կարծիքի է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, հունիսի 5-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագները` 3,8-ից մինչև 4,3 դրամ բարձրացնելու մասին մտադրությունները:

Ըստ տնտեսագետի, պրոբլեմն ավելի է խորանում Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու պայմաններում, ինչն ավելի է դժվարացնում արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Հետևաբար, շարունակել է նա, սեփականատիրոջ կողմից պետք չէ ակնկալել, որ նա ներարկումներ կկատարի իր հայկական «դուստր»-ին: Ուրեմն, մնում է պրոբլեմի միայն մեկ լուծում` մարժայի մեծացումը: Ինչպես գտնում է Եղիազարյանը, մարժայի մեծացումից ստացված միջոցները կուղղվեն գործող համակարգի պահպանմանը, ընկերության եկամտաբերության ապահովմանը` հետագայում այն վաճառելու համար:

Նշենք, որ նախօրեին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին»ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Մինչդեռ, ըստ ԱրմԻՆֆո գործակալության վերլուծական ծառայության տվյալների, Հայաստանի էլեկտրացանցերի պրոբլեմը կապված է Հրազդանի ՋԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկների շահագործման հետ: Առաջինն արդիականացվեց «Գազպրոմի» կողմից, որտեղ ներդրումները կազմեցին 300 մլն դոլար, իսկ երկրորդը` Ճապոնական զարգացման գործակալության 200 մլն դոլարի վարկի հաշվին: Այդ միջոցները պետք է վերադարձնեն «Հայաստանի էլցանցերը», որի վզին, փաստորեն, փաթաթել են ՋԷԿ-երի կողմից արտադրվող ավելի թանկ էլեկտրաէներգիան:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 935 000 սպառողի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ դուստր : ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատորը: «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն զարգացող կառույց է, որն այսօր գլխավորում է ավելի քան 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խումբը: ՀԷՑ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է: Ընկերությունն ունի 11 մասնաճյուղ:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը հայկական պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի ֆուտբոլիստներին արգելել են լողալ ծովում’