‘
«Այն, որ «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանի պաշտպանը մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց, ինձ համար բավական համոզիչ փաստ է, որ նախաքննությունը պատշաճ չի իրականացվել»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, մարդու իրավունքների առաջին Պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հավատում է դատավարության արդարությանը:
«Եթե երկու հակառակ շահերի պաշտպանողները կողմերը արտահայտում են նույն կարծիքը, դա ինքնին ավելի ծանրակշիռ է, քան բոլոր քաղաքացիական շարժումների կարծիքը»,- նշեց տիկին Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ եթե առ այսօր նախաքննության անաչառության վերաբերյալ կասկածները վերագրվում էին, այսպես կոչված, քաղաքականացված անձանց կամ ուժերին, ապա այժմ գործ ունենք իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ այսօր Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով առաջին դատական նիստը: Այն հետաձգվեց, քանի որ ամբաստյալներից մեկը պաշտպան չուներ:
‘