‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, մեկնաբանելով Պորտուգալիայի դեմ տարած՝ 4:0 հաշվով հաղթանակը, նշել է, որ իր սաները կարողացան մեկուսացնել Պորտուգալիայի ընտրանու ավագ, հարձակվող Քրիստիանո Ռոնալդուին:
«Դաշտի կենտրոնը մեր ձեռքում էր, միևնույն ժամանակ՝ մեր կիսադաշտում խաղում էինք շատ կենտրոնացած, մասնավորպես՝ թույլ չտալով Ռոնալդուին խաղալ իր խաղը: Պորտուգալացիները շատ քիչ գոլային պահեր ունեցան: Մենք շատ լավ էինք պատրաստվել, կենտրոնացած էինք խաղի արդյունքի վրա և ուզում էինք գեղեցիկ ֆուտբոլ ցույց տալ», — միջազգային լրատվամիջոցներին ասել է Յոահիմ Լյովը:
Լյովը մեկնաբանել է նաև 73-րդ րոպեին պաշտպան Մատս Հումելսի փոխարինումը: «Հումելսը ուղղակի ուժեղ հարված ստացավ, և մենք որոշեցինք նրան փոխարինել, որպեսզի ռիսկի չդիմենք»:
Մարզիչն անդրադառնալով նաև Գանայի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը, ասել է. «Մենք այս խաղին հատուկ չենք նախապատրաստվելու: Առաջվա պես մեր ուշադրությունը կկենտրոնացնենք մեր խաղի վրա: Սակայն, բնականաբար, մենք տեսել և վերլուծել ենք այս հավաքականի հանդիպումները. այն բոլոր տեսակետներից շատ ուժեղ է հավաքական է, իսկ ֆիզիկական ուժի առումով դեռ նրան պետք է հասնել»:
‘