‘Խմբագրական. Սահմանադրությունը փոխելու փոխարեն` փոխել իշխանություններին ‘

2312

Հայաստանում ինչ-որ տեղ գոյություն ունի Սահմանադրություն, որը գերակա է, և որը կարգավորում է մեր իրավահարաբերությունները: Այդպես ասում են: Քչերն են հասցրել տեսնել Սահմանադրությունը գործողության մեջ, սակայն, դեռ շատերն են հավատում դրա գոյությանը, չնայած` ոչ իրենց աչքով են տեսել, ոչ էլ` ձեռքով շոշափել:

Բայց չնայած դրան, հավատում են Սահմանադրության գոյությանը, և գիտեն նաև, որ այն ամենն, ինչ գրված է Սահմանադրության էջերում` ճիշտ է, իրականություն է, հորինվածք չէ, և այն, ինչ գրված է այնտեղ` անպայման պիտի կատարվի: Մի օր:

Հայաստանում համակարգային փոփոխությունների համար պայքարողները (լավ իմաստով) դարձել են Սահմանադրության վկաներ, որոնք դռնեդուռ են գնում և հարցնում մարդկանց` դուք հավատո՞ւմ եք Սահմանադրության գոյությանը, դուք գիտե՞ք, որ Սահմանադրությամբ` Հայաստանն ինքնիշխան և ժողովրդավարական պետություն է, գիտե՞ք, որ Սահմանադրությամբ` իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Եւ ժողովուրդն ի պատասխան ասում է` հավատում ենք: Ու հենց այդ հավատն է, թերևս, օգնում մարդկանց չվհատվել և պայքարել այն բանի համար, որ այս երկրում մի օր հաստատվեն իրապես սահմանադրական կարգեր:

Բայց Սահմանադրության հարցում ամենաուշագրավ պահվածքը դրսևորում են այս իշխանությունները: Նրանք, ասես, կեղծ սահմանադրականներ լինեն, որոնք հրապարակավ հայտարարում են, թե իրենք էլ հավատում են Սահմանադրության գոյությանը, և դեռ ավելին` Հայաստանում գործում են սահմանադրական կարգեր, բայց գործնականում այն, ինչ իրենք են անում, ոչ այլ կերպ, քան հակասահմանադրականություն` կոչել չի կարելի: Նրանք գործում են Սահմանադրության անունից` ընդդեմ Սահմանադրության, նրանք խախտում են Սահմանադրության բոլոր կետերն ու հոդվածները, նրանք ամեն օր ոտնահարում ու արհամարհում են Սահմանադրությունը` հանդես գալով Սահմանադրության երաշխավորների դերում:

Հայաստանում այսօր Սահմանադրությունը պղծում են նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է ապահովեն Սահմանադրության անխափան գործունեությունը: Սահմանադրությունը պահպանում են հակասահմանադրական սահմանադրապիղծները:

Հայաստանի թիվ մեկ խնդիրն այն չէ, որ մեր Սահմանադրությունը վատն է: Ոչ: Ամենևին: Մեր Սահմանադրությունը շատ էլ լավն է: Հայաստանի թիվ մեկ խնդիրն այն է, որ Սահմանադրությունը պարզապես չի գործում: Այն, ինչ գրված է Սահմանադրության էջերում, մնացել է տողերի վրա և որևէ աղերս չունի այսօրվա Հայաստանի իրականության հետ: Իսկ Հայաստանի իրական խնդիրը, թիվ մեկ խնդիրն իշխանություններն են, որոնք Հայաստանի գլխին, իրե՛նց պատճառով, թափված խնդիրները պարբերաբար բարդում են այս կամ այն չարագուշակ հանգամանքների, գերբնական ու գերերկրային երևույթների, տիեզերական ու գլոբալ աշխարհքաղաքական իրադարձությունների, թայֆունների, երկրաշարժերի, տնտեսական ճգնաժամերի, մարդկանց չարության ու չուզողության, չկամության, համաշխարհային նավսի ու անեծքների, մութ ու դավադիր ուժերի, հայտնի ու անհայտ, աներևույթ թշնամիների, ծովի մակարդակի բարձրացման, աստղային պատերազմների, գլոբալ տաքացման, կարկուտի ու տապի վրա, մասոնների, շունթուրքերի, Մոսադի, ՄԻ 6-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄՄ-ի, Ռուսաստանի, գործակալ 007-ի, ծայրահեղ իսլամիստների ու ԻԳԼԱ-ի մարտիկների, թալիբների, մոնղոլների, աղկոյունլուների ու կարակոյունլուների, ասորիների, համաշխարհային հակահայկական դավադրության, այժմ էլ արդեն` Սահմանադրության վրա:

Մի խոսքով, բոլորի վրա, բացի իրենցից: Իրենք մեղավոր չեն մի՛շտ: Մեղավորները այս կամ այլ հանգմանքներն են, որոնք չուզողություն են անում և չեն թողնում հայրենի իշխանություններին` շենացնել էս երկիրն ու դարձնել հնարավոր ամեն ինչի առնվազն տարածաշրջանային, և ինչու չէ` նաև համաշխարհային կենտրոն:

Ու քանի որ մեղավոր հանգամանքների ցանկում նաև Սահմանադրությունն է, այժմ էլ ձեռնամուխ են եղել Սահմանադրությունը փոխելուն: Իբր` «նախկինում ինչի՞ ենք մենք այսքան չարը եղել. որովհետև նոր Սահմանդրություն չենք ունեցել, այ հիմա, երբ նոր Սահմանադրություն ունենանք, մենք կդառնանք բարի»: ((c) Փոստատար Պեչկին): Հա, բա ո՞նց:

Բայց ախր Սահմանադրությունն ինչո՞վ է մեղավոր, որ դուք գող եք, թալանչի եք, կոռուպցիոներ եք, կեղծարար եք, տգետ եք, մարդասպան եք, քաղաքականապես տհաս  եք ու ոչ կոմպետենտ: Սահմանադրությունը որ փոխեք, դուք այլևս գող ու ավազակ չե՞ք լինելու: Չէ մի չէ: Էդ հին ավանդական «կտերն» արդեն բոլորին են հայտնի: Նույնիսկ նրանց, ովքեր լծվել են սահմանադրական փոփոխություններին: Դրա համար էլ որևէ մեկն այս ֆարսին չի հավատում: Նույնիսկ նրանք, ովքեր բեմադրում են «համաժողովրդական սահմանադրական քննարկումներ» կատակերգությունը:

Այնպես որ, հանգիստ թողեք Սահմանադրությունը: Սահմանադրությունը մեղք չունի, որ դուք ամեն օր ոտնահարում եք իրեն: Սահամանադրությունը փոխելով` Հայաստանը չի փոխվի: Հայաստանը փոխելու միայն մի տարբերակ կա` իշխանություններին փոխելը:

 Հ.Գ. 1995 թվականի այս օրն անցկացված համաժողովրդական հանրաքվեով անկախ Հայաստանն ունեցավ իր Սահմանադրությունը: Մայր օրենքը ասում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», և «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

 Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Պրահա-Երևան չվերթի ուղևորներին ՌԴ միգրացիոն թերթիկներ են բաժանել’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Լուիսը սփոփում է Խամես Ռոդրիգեսին’