‘Մարզահամերգային համալիրի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ‘

1318

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները երեկ մտել են Մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների, համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել շենքից: Այսօր լրագրողների հետ զրույցում համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ ԴԱՀԿ աշխատակիցները իրենց այդ քայլով խախտել են օրենքը, քանի որ վտարման մասին որոշում չի եղել, իսկ տեսաձայնագրություն կատարելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը (խմբ.- տեսաձայնագրությունը կատարվել էր ԴԱՀԿ-ի կողմից): Փաստաբանը հայտարարեց, որ այդ կապակցությամբ պատկան մարմիններին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Կորյուն Գրիգորյանը իր հերթին նշեց, որ համաձայն օրենքի՝ իրենք պետք է նախապես ծանուցվեին, սակայն վերջին պահին իրեն զանգում եւ ասում են, որ ուղղակի վտարում են:  Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը Մարզահամերգային համալիրին պարտք է 60 մլն դրամ, իսկ այն տեղեկությունը, թե շենքը ՊՆ-ի հաշվեկշռում է՝ սուտ է:

Նշենք, որ ԴԱՀԿ-ն երեկ ուշ երեկոյան հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև  այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

«Ինչ  վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա  տեղեկացնում ենք, որ որոշումը  հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է  որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:  Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութը՝ ստորեւ.

 

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Ես Սուրաեսին ասացի, որ ինքը չափից դուրս լավն է «Արսենալի» համար»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Լուկակուն պատրաստ չէր մրցակցությանը «Չելսի»-ում»’