‘Ս.Սարգսյանին մի քանի օր է պետք եղել «հասկանալու» համար, որ զինվորներին պետք է պարգեւատրել ‘

2662

Ս.Սարգսյանի մամլո ծառայության փոխանցմամբ, Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորգրել, որով Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի Քամալյանին պարգևատրել է Արիության մեդալով, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել է.

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Զորիկ Ժիրայրի Գեւորգյանին՝ զորամասի ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով`

Ազատ Արթուրի Ասոյանին՝ զորամասի շարքային

Գոռ Բաբկենի Գրիգորյանին՝զորամասի լեյտենանտ

Արարատ Վաչիկի Խանոյանին՝ զորամասի սերժանտ:

Նշենք, որ զիվորականները սպանվել են տարբեր օրերի ընթացքում, եւ Սերժ Սարգսյանին, որը միջադեպերի կապակցությամբ մինչ այժմ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, փաստորեն մի քանի օր է անհրաժեշտ եղել «հասկանալու» համար, որ նրանց պետք է պարգեւատրել: Ի դեպ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, ի տարբերություն Ս. Սարգսյանի պարգեւատրել է զինվորականներին՝ միջադեպերից անմիջապես հետո: Առանձին-առանձին:

Հ.Գ.Ի դեպ, Հետք էլեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այս կապակցությամբ Facebook սոցցանցում ուշագրավ առաջարկով էր հանդես եկել, որը սակայն, ըստ էության, իշխանությունների կողմից անտեսվել է:

Բաղդասարյանը գրել էր. «Եթե Բակո Սահակյանի փոխարեն ես լինեի Ղարաբաղի նախագահը, անմիջապես, առանց վարանելու դիվերսիան հետ մղած զինվորներին հերոսի կոչումներ կտայի: Տղաներից մեկն իրեն իսկապես հերոսի պես է պահել, քսան տարին չբոլորած այդ գյուղացի տղան անհավանական քաջություն է ցուցաբերել: Սա լավագույն առիթն է, որ ունենանք շարքային զինվոր Ազգային հերոս: Նա վիրավոր է, բժիշկներն ասում են կյանքին վտանգ չի սպառնում, շուտով կապաքինվի»:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ոկրաինայի ՊՆ. Ուկրաինական բանակի սպառազինության մեջ բալիստիկ հրթիռներ չկան’