‘Խմբագրական. Պատերազմ. հնարավորություններ և իրականություն’

3019

Պատերազմը կամ թեկուզ միայն պատերազմի սպառնալիքն այն թեմաները չեն, որոնք սիրում են շատախոսություն: Իհարկե, պատերազմի սպառնալիքի հետ առնչվող հասարակության համար բնական են անհանգստությունն ու հուզական-ջղային դրսևորումները: Մյուս կողմից, սակայն, թեման ավելի, քան որևէ այլ նյութ, պահանջում է զսպվածություն, զգուշություն և սառնասրտություն: Պետք է փորձենք հասկանալ, թե որքանով իրական է այս պահին ծավալուն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը հայ-ադրբեջանական ճակատում:

 Ցայսօր կարդացածս վերլուծություններից թեմայի շուրջ խորհուրդ կտայի Արմեն Գրիգորյանի համառոտ նյութը, որը թեմային մոտեցել է առանց ավելորդ հուզականության և «գլոբալ» «գեոպոլիտիզմի»: Իմ անձնական դիտանկյունը մոտ է Արմենի մոտեցմանը, որի պատճառով էլ գուցե շարադրանքս որոշ չափով համընկնի վերոբերյալ հղման նյութի հետ:

Արդյո՞ք պատերազմը ձեռնտու է կողմերից որևէ մեկին

Պատերազմը, ինչպես և հասարակական ցանկացած երևույթ, ունի երկու չափում՝ բանական և ապաբանական (ռացիոնալ և իռացիոնալ), միայն թե, ինչպես նշում է, օրինակ, ռազմագիտության դասական Քլաուզևիցը, ապաբանական՝ անկանխատեսելի, պատահականության վրա հիմնված, անկառավարելի տարրը պատերազմի մեջ մի փոքր ավելի է շեշտված, քան այլ ոլորտներում: Այնուամենայնիվ, քանի որ ապաբանական տարրը հենց իր ապաբանական լինելու պատճառով անճանաչելի է և դժվար վերլուծելի, միևնույն է, պատերազմին առնչվող իրողությունների մասին էլ պետք է նախ մոտենանք բանական, վերլուծական մեթոդով՝ պարզապես մտքի մեջ պահելով, որ այստեղ այդ մեթոդը պետք է առավել զգուշությամբ կիրառվի:

Հետևաբար՝ դիտարկենք այսօր ստեղծված իրավիճակը, նախ, զուտ բանական տեսակետից՝ մի կողմ թողնելով առժամանակ պատահականությունների, անկառավարելի հույզերի և նման գործոնների հնարավոր ազդեցությունը: Բանականը, տվյալ դեպքում, նշանակում է հետևյալը՝ արդյո՞ք հակամարտության կողմերից որևէ մեկը կարող է հաշվարկել այնպիսի իրավիճակ, որի շրջանակներում իրեն ձեռնտու լինի պատերազմը (արտաքին ուժերի հարցն այս պահին մի կողմ ենք թողնում՝ պատկերի պարզեցման համար, թեև հասկանալի է, որ արտաքին գործոններն էլ պետք է հաշվի առնվեն վերջնական վերլուծության ժամանակ, և նրանց նկատմամբ էլ պետք է նույն վերլուծական մոտեցումը կիրառվի): Իհարկե, պատերազմի ձեռնտու կամ շահավետ լինելը պայմանական եզր է՝ հաշվի առնելով թեկուզ միայն այն, որ պատերազմը, մեծ հաշվով, անհաշվարկելի է, և ավելի քան բազմաթիվ են պատմական օրինակները, երբ որևէ կառավարություն հաշվարկել է արագ և հաղթական, իսկ արդյունքում ստացել է երկարատև և կորստաբեր պատերազմ: Այնուամենայնիվ, գոնե թվացյալ բանական հաշվարկ պետք է լինի պատերազմ սկսելու որոշման հիմքում:

Արդյո՞ք Ալիևն ի վիճակի է ռիսկի գնալ

Դառնալով ԼՂՀ-ին, Ադրբեջանին և Հայաստանին՝ միանգամից պետք է բացառենք հայկական երկու կողմերից որևէ մեկի՝ պատերազմ վերսկսելու ցանկությունը, և ոչ թե՝ որովհետև մենք հայ ենք, այլ զուտ առարկայորեն: Պատճառները, կարծում եմ, այնքան հասկանալի են և բոլորին պարզ, որ չարժե էլ շատ ծավալվել: Հայաստանի նույնիսկ ամենավատ կառավարիչը, եթե, իհարկե, չպատկերացնենք բացարձակ խելագար մեկին, չի կարող ոչ միայն երկրի, այլև անձամբ ի՛ր համար (եթե ենթադրենք, որ երկրի վրա էլ թքած ունի, և միայն իր մասին է մտածում) որևէ շահ տեսնել պատերազմի մեջ ներկա պայմաններում: Եթե երբևիցե պարզվի, որ նման նպատակ կար, ապա դա հետապնդողի տեղը հոգեբուժարանում է:

Պատերազմի վերսկսման սցենար կարելի է ենթադրել միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ, այն էլ՝ համեմատաբար բանական հաշվարկի շատ սահմանափակ հնարավորությունների դաշտում: Պետք է հաշվի առնել Ալիևի վարչակարգի բնույթը: Որքան էլ դա շահագործի հակահայկականությունը՝ որպես սեփական իշխանության ամրապնդման գաղափարական կարևորագույն զենք, այդուհանդերձ՝ ա. Ալիևը Ադոլֆ Հիթլեր, այսինքն՝ ինչ-որ մի «իդեա-ֆիքսի» վրա «տարած» և հանուն դրա ոչ միայն այլոց, այլև իր բարեկեցությունն ու ապահովությունը զոհաբերող մոլագար չէ: բ. Ալիևը բռնապետի այլ՝ ավելի «կենցաղային» տիպին է պատկանում, կոպիտ ասած՝ նա «փող աշխատող» տղա է, որը նույնացնում է պետությունը և իր անձը կամ իր ընտանիքը, և համապատասխանաբար՝ աշխատում է պետության համար այնքան, որքան իր համար՝ պահելով յուրահատուկ հաշվեկշիռ: Նա գուցե չի քանդի պետությունը՝ հանուն իր անձնական շահի, բայց ոչ էլ իր անձը վտանգի տակ կդնի՝ հանուն Ջաբրաիլի և Ֆիզուլու չոլերի «ազատագրման»: գ. Հակահայկականությունը Ալիևի համար, նախևառաջ, ներսում իր բռնապետությունն ամրապնդելու, հասարակությանը «հոգևոր» սնունդ տալու, արտաքին թշնամու կերպարի շուրջ թույլ ինտեգրված ադրբեջանական հասարակությունը համախմբելու, համեմատաբար թույլ զարգացած ազգային գիտակցությունը բարձրացնելու միջոց է, բայց դրանից չի հետևում, որ նա պատրաստ է խոշոր խաղադրույք անել՝ հանուն «ազգային գաղափարի» ծայրահեղ տարբերակի իրականացման (այլ բան է, որ խաղը կարող է դուրս գալ խաղը ձեռնարկողի վերահսկողությունից, բայց դա արդեն վերաբերում է պատերազմի ապաբանական տարրին և պետք է առանձին դիտարկվի): դ. Պետք է ենթադրենք, որ Ալիևը գուցե և դեմ չլիներ վաստակել ազգային հերոսի և ազատագրողի դափնիներ, բայց միայն այն պարագայում, եթե գինն ընդունելի լինի, և ռիսկը՝ նվազագույն:

Եթե նայենք իրավիճակը մեր թշնամու՝ Ալիևի վարչակարգի տեսակետից, ապա միայն մեկ դեպքում կարելի է պատկերացնել պատերազմի վերսկսման որոշում նրա կողմից՝ եթե նա վստահ լինի, որ առավելագույն սեղմ ժամկետում ի վիճակի կլինի հասնել վճռական կամ գոնե ինչ-որ շոշափելի հաղթանակի: Վճռական նպատակը՝ ԼՂՀ լիակատար պարտությունն է, իսկ քիչ թե շատ շոշափելի կարելի է համարել ազատագրված տարածքներից գոնե մեկ-երկուսի գրավումը: Այս ամենը, կրկնեմ, պետք է լինի շատ սեղմ ժամկետում, բառացիորեն՝ մի քանի օրվա մեջ, և նվազագույն զոհերով: Այսինքն՝ Ալիևը պետք է ավելի քան վստահ լինի, որ առանց լուրջ դիմադրության՝ կարող է մի քանի օրում լուրջ ռազմական նպատակի հասնել, որը հետագայում ինքը կօգտագործի որպես սեփական իշխանության է՛լ ավելի ամրապնդման փաստարկ (չնայած՝ պետք է հաշվի առնել, որ Ալիևը իշխանության ամրապնդման խնդիր էլ, մեծ հաշվով՝ չունի): Ցանկացած այլ պարագայում պատերազմը սպառնալիք է Ալիևի իշխանության համար, իսկ Ալիևն, ինչպես նշեցինք, բռնապետների այն տիպին չի պատկանում, որը հանուն «ազգային իդեալի»՝ ռիսկի տակ դնի սեփական իշխանությունը: Այլ կերպ ասած՝ նրա համար առաջնային է իր իշխանությունը, իսկ մնացածը, այդ թվում՝ «ազգային գաղափարը», միայն միջոց է այդ գերնպատակի համեմատ («Հիթլեր» տիպի բռնապետի համար այդպես չէ՝ նա պատրաստ է իր անձնականը զոհաբարել՝ հանուն այն գաղափարի, որով հափշտկված է):

Արդյո՞ք հնարավոր է կայծակնային պատերազմ

Մի փոքր ավելի բացենք, թե ինչ կարող է նշանակել ցանկացած այլ պարագա: Օրինակ, եթե պատերազմը տևում է ոչ թե մի քանի օր, այլ ավելին, թեկուզ՝ մի երկու շաբաթ (էլ չասած՝ ամիսների մասին), ինչն ինքնին նշանակում է, որ արագ և երաշխավորված հաղթանակ չի լինում, և զոհերի թիվը հաշվվում է տասնյակներով ու հարյուրներով (գուցե նույնիսկ հազարներով, բայց դա թող մասնագետները հաշվարկեն), այդ պարագայում նույնիսկ որոշ տարածքների ձեռքբերումը չի կարող փոխհատուցել այն կորուստները, որը կունենա Ալիևը: Իրավիճակն անխուսափելիորեն կանկայունանա, և իշխանության կորստյան սպառնալիքն իրական կդառնա, որի ոչ թե իրականությունը, այլ նույնիսկ զուտ հնարավորությունն անընդունելի է Ալիևի համար: Պետք է հաշվի առնել, որ այսօր եթե պատերազմ լինի, այն լինելու է ավելի դաժան և ավելի անընդունելի կողմերի համար, քան 90-ականների սկզբին՝ կողմերն ավելի զինված են, ավելի կազմակերպված, իսկ հասարակություններն ունեն կորցնելու ավելի բան, և մյուս կողմից էլ՝ ավելի, այսպես ասած՝ «փափկասուն են», քան 20 տարի առաջ: Պատկերացրեք՝ եթե հարյուրներով զոհերի մասին լուրը հասնի կիսաբոհեմական կյանքին սովոր մայրաքաղաքներ, կամ եթե առավել ևս մի երկու ռազմական ինքնաթիռ հայտնվի խոշոր քաղաքների երկնքում (էլ չասած՝ ռմբակոծության մասին) ….: Ավելին՝ կարելի է հստակ պատկերացնել, որ եթե այսօր պատերազմի պատճառով մայրաքաղաքներից որևէ մեկում անջատվի համացանցը, և մարդիկ զրկվեն ֆեյսբուքից, ապա բնակչության կեսն արդեն միայն այդ հեռանկարից խուճապի կմատնվի: Բա որտե՞ղ խրոխտ հայրենասերները կամ ոչ պակաս խրոխտ խաղաղասերները գրեն իրենց դարակազմիկ ռազմահայրենասիրական կամ համամարդկային կոչերը, կամ որտե՞ղ պետք է ներկայացնեն գեոպոլիտիկ, աշխարհը տակնուվրա անող սուպերվերլուծականները: Այդ ամբողջ «էլիտար» զանգվածը երկու երկրներում էլ անմիջապես հանրահավաք է կազմակերպելու՝ համացանցի վերադարձի շեշտակի պահանջով, և կորչի՛ մնացած ամեն ինչը:

Իսկ ունի՞ արդյոք Ալիևը կարճատև, նվազագույն զոհերով, երաշխավորված և քիչ թե շատ շոշափելի ռազմական հաղթանակի հնարավորություն: Կարծում եմ՝ ո՛չ: Այդպիսի հնարավորություն նա կարող է ունենալ միայն հայկական պետության և բանակի ծայրահեղ թուլացման՝ կազմալուծման պարագայում, այն էլ՝ այնպիսի թուլացման, որն ակնհայտ լինի նաև դրսի հայացքին: Պետք է հաշվի առնել, որ մեր թշնամին էլ աշխարհի գերկազմակերպված երկրների շարքին չի պատկանում, ոչ էլ Իլհամ Ալիևը կամ նրա գեներալներից որևէ մեկը Նապոլեոն Բոնապարտի տաղանդն ունեն, որ ի զորու լինեն կայծակնային հաղթանակ տանել այնպիսի հակառակորդի նկատմամբ, որն ակնհայտ կազմալուծման եզրին չէ: Իհարկե, պատերազմում հնարավոր է բառացիորեն ամեն բան, այդ թվում՝ անսպասելի հաղթանակներ, բայց խնդիրն այն է, որ նման հաղթանակը տվյալ դեպքում պետք է նախապես երաշխավորվի, իսկ նման երաշխիք Ալիևը ոչ ինքն իրեն կարող է տալ, ոչ էլ որևէ մեկն աշխարհում կարող է դա անել: Եվ ի վերջո, եթե դա էլ չլիներ, միայն վերջին շրջանի բախումների փորձը պետք է հուշի Ադրբեջանի ղեկավարությանը, որ արագ, քիչ զոհերով և վճռական արդյունքներով պատերազմի հնարավորությունը գրեթե զրոյական է:

Արդյո՞ք հնարավոր է պատահական պատերազմ

Իսկ ի՞նչ է, ուրեմն այսօր կատարվում հայ-ադրբեջանական ճակատի գծում: Ի՞նչ նպատակներ է փորձում լուծել Ադրբեջանը: Այս հարցին արդեն պատասխանել են շատերը՝ եղածը, ամենայն հավանականությամբ, սպասվելիք բանակցություններից առաջ պատերազմի սպառնալիքի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է Ադրբեջանի կողմից, գուցե նաև, ինչպես ենթադրում են ոմանք՝ արտաքին ուժերի ներգրավվածությամբ: Կարծում ենք՝ այս պարզ վարկածն այս պահին ամենամոտն է իրականությանը:

Այժմ, շատ կարճ, փորձենք դիտարկել նաև պատերազմի ապաբանական տարրը: Եթե բանական վերլուծությունը հուշում է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է, ապա ի՞նչ անել ապաբանական մասի հետ: Պատասխանն այստեղ, իհարկե, կարող է լինել շատ անորոշ, քանի որ վերլուծել ապաբանականը, այսինքն, ըստ սահմանման՝ անվերլուծելին, կեղծ խնդիր է: Բայց քանի որ երկուսի՝ բանականի և ապաբանականի միջև կա, այսպես ասած, անցումային գոտի, որտեղ որոշ քիչ թե շատ կանխատեսելի գործոններ կարող են սահուն կերպով անցնել բացարձակ անկանխատեսելի իրավիճակի, կարելի է փորձել որոշ չափով վերլուծել նաև այդ անցումային գոտին: Այստեղ ունենք հետևյալ կռվանները: Ինչպես արդեն նշեցինք, խաղը կարող է ինչ-որ պահից դուրս գալ խաղացնողի վերահսկողությունից: Պատերազմի սպառնալիք գործադրելը, տեղական բախումներ սադրելը ռիսկային խաղ է: Ինչ-որ մի իքս կետում, իքս պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և տեղական բախումը վերածվի ավելի ծավալուն գործողության, գուցե նույնիսկ շղթայական ռեակցիայի ձևով տարածվի, և կողմերը նման դեպքերում պարտադրված քայլերի դիմեն: Կարող է աշխատել նաև, այսպես ասած՝ պատվի հարցը, ասենք, տեսնելով, որ իր ձեռնարկած սադրանքները ձախողվում են, և սադրող կողմն ավելի կորուստներ է կրում, Ալիևը կարող է նախաձեռնել ավելի ուժեղ սադրանքներ՝ անկանխատեսելի հետևանքներով: Ի վերջո, կարելի է ենթադրել նաև, որ Ալիևն ինքն իր քարոզչության զոհը դառնա, և իրեն ստիպված համարի ապացուցել հանրությանը, թե գերհայրենասեր տղա է:

Պատմության մեջ ամենևին էլ ոչ բոլոր պատերազմներն են սկսվել մասնակից կողմերի ցանկությամբ կամ պլանով: Նույնիսկ ավելին՝ հենց երկու համաշխարհային պատերազմները, փաստորեն, սկսվել են պատերազմի մասնակիցների կողմից չհաշվարկած, չկանխատեսված պայմաններում, թեև այդ նույն մասնակիցների անխոհեմ և սրացնող քայլերի արդյունքում (հետագայում, իհարկե, հաղթողները երկու անգամ էլ փորձել են ապացուցել, որ գերմանացիները կանխամտածված ծրագրել են պատերազմ, բայց որքան էլ գերմանացիների մեղքը մեծ լինի, իրականում նույնիսկ խելահեղ ֆյուրերը չէր պատրաստվում 1939-ի աշնանը համաշխարհային պատերազմ սկսել, այլ բան է, որ նրա սխալ հաշվարկների պատճառով պատերազմն, այնուամենայնիվ, ծավալվեց): Այդուհանդերձ, չբացառելով ոչինչ,  մեր դեպքում դժվար թե նման սցենար իրականանա. կարծում եմ՝ հաշվի առնելով լայնածավալ պատերազմի բոլոր մարտահրավերները՝ Ալիևը, որն, ինչպես նշեցինք, խելահեղ կամ որևէ գաղափարով գերտարված մեկի տպավորություն չի թողնում, և որի քաղաքական գերնպատակը սեփական իշխանության պահպանումն է, չի անցնի «սահմանը» և կպահպանի սառը գլուխը՝ մանավանդ տեսնելով ու զգալով հայերիս դիմադրողականության ուժը:

Արդյո՞ք հնարավոր է «պայմանավորված» պատերազմ

Մի քանի խոսք էլ մեր հասարակության մեջ տարածված «պայմանավորված պատերազմի» վարկածի մասին: Խոսքն այն տարբերակի մասին է, երբ կողմերը պայմանավորվում են պատերազմական գործողությունների ընթացքի, արդյունքների, տևողության և հետևանքների մասին: Այս հղացքին պետք է շատ զգուշորեն վերաբերվել: Դժվար է հիշել պատմությունից որևէ «պայմանավորված պատերազմի» օրինակ, ի վերջո՝ պատերազմը ֆուտբոլ չի, այլ հարյուրապատիկ ավելի բարդ համակարգ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր լինի պայմանավորված խաղ խաղալ: Նույնիսկ, եթե մի կողմ դնենք պատմական փորձը, ապա զուտ տեսությունը բավական է, որ «պայմանավորվածի» վարկածին շատ թերահավատորեն վերաբերվենք: Եթե նորից վերհիշենք Քլաուզևիցին, ապա ռազմական տեսության այդ դասական հեղինակի բազմիցս կրկնված պնդմամբ՝ այն պահից, երբ պատերազմի տարերքը ծավալվում է իր ամբողջ ուժով, օրինակ՝ վճռական ճակատամարտի ժամանակ, այլևս հնարավոր չէ որևէ կանխատեսում կամ հաշվարկ անել ելքի մասին: Դա նշանակում է, որ հնարավոր չէ նաև նախապես պայմանավորվել բուն կռվի ելքի մասին: Պատճառը պարզ է՝ այդ պահին կարևոր են դառնում այնքան բազմապիսի գործոններ՝ սկսած ամենաընդհանուրից մինչև ամենաանարժեք թվացողը, որ որևէ հաշվարկ գրեթե անհնար է դառնում: Պատկերավոր ասած՝ այստեղ սկսում է գործել «բա որ տնից դուրս գաս, ու «քյարփինջն» ընկնի գլխիդ» տարբերակը, որը ճակատամարտի ժամանակ, ըստ Քլաուզևիցի՝ դառնում է առավել կարևոր, քան այլ դեպքերում և ոլորտներում:

Իրոք, պատկերացնենք մի իրավիճակ, երբ կողմերը եկել են իքս պայմանավորվածության: Մեր ԶԼՄ-ները սիրում են այդ դեպքերում վարկած քաշել, թե, ահա, կպայմանավորվեն, որ իբր պատերազմի արդյունքում հայերը ետ կքաշվեն ազատագրված տարածքների մի մասից: Ասենք թե այդպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվում, բայց պայմանավորվածությունը մի բան է, իսկ իրագործումն՝ այլ: Ինչպե՞ս է  տրվելու նման հրահանգ զինվորական հրամանատարներին ճակատներում, ո՞վ և ինչպե՞ս է դա իրականացնելու: Ծրագիրը չի կարող իրականացվել լիովին գաղտնի պայմաններում, միայն մեկ հոգու իմացությամբ, անհրաժեշտաբար՝ պետք է մի քանի պատասխանատու անձ տեղում իմանա դրա մասին և հնարներ գտնի դա իրականցնելու համար: Ենթադրենք, թե մի քանի նման ճիվաղ գտնվում է բարձրաստիճան սպաների մեջ, իսկ ի՞նչ անել մյուսների հետ, ի՞նչ անել իքս զորամասի հետ, որը համառորեն դիմադրում է: Կամ ի՞նչ անել, եթե սպայակազմը, իմանալով ծրագրի մասին, հրաժարվում է այն կատարել: Իսկ ի՞նչ անել թշնամու հետ, նրան ինչպե՞ս ստիպել՝ լինել, օրինակ, ավելի խիզախ, քան նա կա: Իհարկե, կարելի է մտաբերել հազար ու մի տարբերակ, թե ինչպես և ինչ անել նման պայմաններում (նահանջելու հրամաններ, ծուղակներ, դավաճանություններ), բայց նույնիսկ եթե պատկերացնում ենք, որ այդպիսի հրեշավոր ծրագիր իրականացվում է, և հնարների մի մասն էլ գործում է, միևնույն է՝ չկա աշխարհում և աշխարհից դուրս էլ որևէ ուժ՝ մարդկային կամ նույնիսկ գերբնական, որը կարողանա հաշվարկել բոլոր հնարավոր մանրուքները, իրավիճակները, մարդկային վարքի դրսևորումները կոնկրետ պայմաններում, և հետևաբար՝ չկա որևէ ուժ, որը կարողանա երաշխավորել նման ծրագրի հաջողությունը: Իսկ եթե չկա և չի կարող լինել երաշխիք, ուրեմն՝ անիմաստ է դառնում որևէ պայմանավորվածություն, նույնիսկ՝ եթե պայմանավորվողները հրեշներ են կամ ապուշներ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով տուժող կողմը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել ‘
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Պուտինի հետ Լևոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ’