‘Խմբագրական. Արևմտամետ ընդդիմություն. Սերժ Սարգսյանի հերթական, բայց ոչ նոր «մուտիտը»’

2776

Աշնանային քաղաքական գործընթացներին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանին համակած տագնապն ավելի է խորանում: Վարչախմբի ղեկավարի պլանավորած «գործիքակազմը», որով պետք է ներկայանար աշնանային քաղաքական «ճակատամարտին», ոչ մի կերպ գլուխ չի գալիս: Քառյակի առանցքային ուժերը ոչ միայն կտրականապես մերժում են սահմանադրական «բարեփոխումները», այլև հստակ հասկացրել են, որ դրա նախաձեռնումը դառնալու է իշխանափոխության կատալիզատոր: Երկրի տնտեսական իրավիճակը չի բարելավվում, հանրային դժգոհությունը ոչ միայն չի նվազում, այլև խորանում է: Դրա լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի երկրում դադարի կազմակերպված թալանն ու կոռուպցիան, բայց քանի որ դրանք Սերժ Սարգսյանի իշխանության բնութագրիչներն են, ապա չի կարող լինել Սերժ Սարգսյանի իշխանություն, և չլինի թալան ու կոռուպցիա:

Եվ չունենալով որևէ ռեսուրս, որը կերաշխավորեր վարչախմբի հաղթանակն առաջիկայում, Սերժ Սարգսյանին մնում է մի բան. փորձել պառակտել Քառյակը՝ այն վարկաբեկելու, ներսում հակասություններ ու խնդիրներ առաջացնելու միջոցով: Այս նպատակով գործի են դրվում զանազան մեխանիզմներ: Սերժ Սարգսյանի քարոզչական, վարչական, հարկային, ուժային ու քրեական ճնշամիջոցներն ուղղված են և հետագայում էլ ուղղվելու են Քառյակի մաս կազմող կուսակցությունների վրա՝ խոցելի կետեր գտնելու և այդ խոցելիությունը շահագործելու համար: Սակայն այս ամենը կարող է և բավարար չլինել, ինչն էլ ստիպել է Սերժ Սարգսյանին Քառյակի դեմ պայքարում ներմուծել  հերթական հնարքը, գրական հայերենով ասած՝ մուտիտը, որը նետվել է դաշտ, և որի օգնությամբ նա փորձելու է աշնանն առավելության հասնել ընդդիմության նկատմամբ: Հերթական, բայց ոչ նոր, որովհետև նախկինում այն մի քանի անգամ գործի էր դրվել և հաջողության չունենալով՝ հետ տարվել իշխանական նախագծերի խորդանոց: Խոսքը «արևմտամետ ընդդիմության», «Հայաստանում նարնջագույն հեղափոխության վտանգի» մասին է:

Ինչո՞ւ նորից առաջացավ այդ կեղծիքը շրջանառելու անհրաժեշտությունը: Պատճառն այն է, որ չունենալով ներքին ռեսուրսներ ընդդիմությանը դիմակայելու համար՝ Սերժ Սարգսյանը փորձում է այդ աջակցությունն ստանալ Ռուսաստանից, ինչի համար էլ  Հայաստանում իշխանություն-ընդդիմություն հակամարտությանը ակտիվորեն փորձում է տալ արտաքին քաղաքական կողմնորոշման երանգավորում և, որ ավելի կարևոր է՝ ցույց տալ, որ իր դեմ պայքարող ընդդիմությունը հակառուսական է և պատրաստվում է Հայաստանում իրականացնել նարնջագույն հեղափոխություն:  Ինչպիսին տեղի ունեցավ Ուկրաինայում: Դրա համար Սերժ Սարգսյանը գործի է դրել հսկայական ֆինանսական ու քարոզչական ռեսուրսներ: Ակտիվ աշխատանք է տարվում ռուսական չինովնիկական դասի որոշ ներկայացուցիչների և լրատվական շրջանակների հետ: Մի կողմից՝ փորձելու ազդել ռուսական իշխանությունների մոտեցումների վրա, մյուս կողմից՝ տարբեր հոդվածների միջոցով՝ հասարակական կարծիքի վրա: Առաջին ծիծեռնակներն արդեն երևում են, ինչպիսին, օրինակ, օրեր առաջ ռուսական լրավամիջոցներից մեկում լույս տեսած այս հոդվածն է — http://m.kp.ru/daily/26273.5/3151084/, որտեղ աղավաղված են նույնիսկ տարրական փաստեր: Իրականում երկրի ներսում խրախուսելով հակառուսական տրամադրությունները, այդ նպատակով ֆինանսավորելով Բաղրամյան 26-ին կցված մի շարք «քաղաքական» գործիչների ու լրատվամիջոցների, ովքեր Հայաստանի բոլոր դժբախտություններում մեղադրում են Ռուսաստանին, և ոչ թե գործող վարչախմբին, Սերժ Սարգսյանն ու նրա էմիսարները Մոսկվայում սրտառուչ և լացակումած դեմքով դռնեդուռ փորձում են համոզել, որ Հայաստանում իշխանության դեմ պայքարող ուժերը հակառուսական են և աշնանը նախատեսում են իրականացնել ուկրաինական սցենար: Հույս ունենալով, որ ուկրաինական ճգնաժամով մտահոգված ռուսական իշխանությունները կօգնեն իրեն՝ կանխելու նույն «սցենարի կրկնությունը» նաև Հայաստանում: Եվ, բնականաբար, այս մեղադրանքի հիմնական հասցեատերերից մեկն էլ ընտրվել է Հայ ազգային կոնգրեսը:

Մի կողմ թողնենք այս մեղադրանքի անհեթեթությունը: Դա տեսնելու համար բավարար է դիտարկել Քառյակի ուժերի և, մասնավորապես, Քառյակի առանցքային դերակատար Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը և դիրքորոշումները Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ: Կոնգրեսը վաղուց հիմնավորել է կոմնորոշումային քաղաքականության սնանկությունն ու վտանգավորությունը և հավասարակշռված արտաքին քաղաքականության կարևորությունը:

Ավելին, շատ կարևոր է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, փոխադարձ վստահության բացակայության հարցում կա մեկ մեղավոր՝ Սերժ Սարգսյանը: Նա է այդ հարաբերություններում ներմուծել խաբելու, քցել փորձելու, պայմանավորվածություններից ետ կանգնելու մշակույթը: Նա է կանգնած այսօր Հայաստանում տարվող հակառուսական քարոզչության  ետևում: Իր վարած անհեռատես, Հայաստանի շահերից չբխող քաղաքականությամբ նա էական վնաս է հասցրել հայ-ռուսական հարաբերություններին, որոնք Հայաստանի համար քաղաքական, անվտանգության, տնտեսական տեսանկյունից ունեն անկյունաքարային նշանակություն, և որի շտկումը իշխանափոխությունից հետո պետք է լինի նոր ձևավորված, լեգիտիմ իշխանության առաջնահերթություններից մեկը:

Սերժ Սարգսյանն ինքն էլ է հասկանում, որ այս հնարքը դատապարտված է: Որովհետև դժվար է կեղծիքն իրականության տեղ մատուցել: Այդ կուտը չի ուտի մեր հասարակությունը, ուր մնաց՝ Ռուսաստանը, որն իր քաղաքականությունը և իրավիճակի վերլուծությունը հաստատ չի կառուցում Սերժ Սարգսյանի ուղարկած՝ կեղծիքով լի տեղեկատվական թերթիկների հիման վրա: Բայց սա էլ մի փրփուր է, որից չի զլանում կախվել Սերժ Սարգսյանը: Այդ իսկ պատճառով՝ որքան մոտենան աշնանային գործընթացները, այնքան հիստերիան այս հարցում ահագնանալու է: Սերժ Սարգսյանը դաշտ է նետելու բոլոր օգտագործված կամ բազմակի օգտագործված գործիչներին՝ այս հիստերիան անխափան պահելու նպատակով:

Այս իրավիճակում Քառյակի ուժերին մնում է միայն հանգիստ շարունակել հասարակության կոնսոլիդացիան, ակտիվ աշխատանք տանել խորհրդարանում և համախմբված մերժել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Քառյակի բոլոր ուժերը պետք է հասկանան, որ ներկայացված նախագիծը Սահմանադրական բարեփոխում չէ: Փաստաթղթի վերնագիրն այլ է, այն կոչվում է «Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման» նախագիծ: Եվ ովքեր գաղափարական կամ ինչ-ինչ նկատառումներով հավանություն տան դրան, ապա այդ քայլը կոչվելու է ոչ այլ ինչ, քան անգնահատելի ծառայություն Սերժ Սարգսյանին և թշնամական ակտ՝ ընդդեմ Հայաստանի, նրա պետական ու հասարակական շահերի:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» Չեմպիոնների լիգայում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ. Կալիֆորնիայի Սենատի ընդունած բանաձևը հայտարարության բնույթի է և իրավաբանական ուժ չունի’